5 տարբեր գույն` մեկ ընդհանուր երջանկություն. Գոհար Հարությունյանի ընտանեկան ֆոտոշարքն ու երեխաների մասին բացահայտումները

12:25   11 հունիսի, 2020

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանը ընտանեկան նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել են լուսանկարիչ Էդգար Մարտիրոյանի հետ: Լուսանկարներում գեղեցկուհի եւ պրոֆեսիոնալ մոդել մայրիկին բոլորովին չեն զիջում նրա հինգ երեխաները, որոնց մասին էլ ծավալվել է Գոհարի հետ NEWS.am STYLE-ի նոր զրույցը, որը լուսանկարներին կից` ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ով ինչպես է տրամադրվում...

Գոհարը նշում է` Էդգար Մարտիրոսյանի հետ աշխատել են նաեւ Kids Fashion նախագծի շրջանակում եւ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի ժամանակ:

«Նրա հետ թե´ աղջիկները, թե´ երեխաները անկաշկանդ ու սիրով են լուսանկարվում: Իմ վերջին բոլոր հաջողված լուսանկարները նույնպես Էդգարի գործերից են: Լուսանկարվելու ծրագրեր միշտ լինում են: Իմ հարցազրույցների համար անձնական եւ ընտանեկան ֆոտոներ են պետք լինում եւ, պարբերաբար, դրանք հարկավոր է լինում թարմացնել: Երեխաներին ես ամբողջ օրը լուսանկարում եմ հեռախոսով, բայց լավ չի ստացվում: Տասնյակ նկարների միջից ոչ մեկից գոհ չեմ լինում: Դա էր պատճառը, որ մի քանի օր հետաձգելուց հետո կազմակերպեցինք ֆոտոշութը»,-անդրադառնալով ֆոտոշարքի գաղափարին` նշեց Գոհարը` խոստովանելով.

«Պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա կազմակերպելը մեծ ջանքեր է պահանջում: Այս անգամ որոշել էինք իմ ու մեծ աղջիկներիս մազերը մեկ օր առաջ հյուսել, որ գարնանային ալիքներ ունենայինք: Հետո սկսվում է բոլորի հագուստների հարցը: Պետք է անել այնպես, որ ընտանեկան լուսանկարում գույները համահունչ լինեն, բայց անհատապես բոլորին իր հագածը դուր գա, այլապես անտրամադիր կնկարվեն: Նաեւ պետք է փոքրերին «կաշառել», որ ենթարկվեն: Առաջ մեծ աղջիկներիս հետ նույնպես շատ դժվար էր, բայց հիմա քանի որ առաջին տարին է, ինչ գրանցվել են սոցցանցերում, ուզում են նոր նկարներ ունենալ, հետեւաբար` ինձ օգնում են: Մենուան նույնպես սիրում է լուսանկարվել, բայց միշտ ինչ-որ կռիվ է սկսվում երեխաների մեջ, նեղանում, գնում են, հետո հազիվ հետ ենք բերում, այդ ընթացքում զույգերն են տարբեր կողմեր փախչում: Նկարի մեջ միշտ ինչ-որ մեկը լացում է, կամ` լավագույն դեպքում միայն դժգոհ հայացքով է: Այդ ժամանակ ես միշտ մտածում եմ` ես լավ նկարվեմ, քանի որ շատ անգամ իրենք լավ են դուրս գալիս, ես` ոչ»:

5 երեխա՝ 5 տարբեր գույն...

Գեղեցկուհին 5` մեկը մյուսից տարբեր ու գեղեցկադեմ երեխաների մայր է, որոնք որքան նման են, նույնքան էլ` տարբեր: Գոհարը բնութագրում է, թե երեխաներից յուրաքանչյուրն ինչ յուրահատուկ գիծ ունի.

«Մելինեն ամենաշատն է բնավորությամբ ինձ նման` պարտաճանաչ է, աշխատասեր, օգնության է հասնում բոլորին, պատասխանատու եւ լուրջ բնավորություն ունի: Մեր բախտը բերել է, որ հենց նա է մեր տան մեծ երեխան: Ինքը իմ լավագույն ընկերն է, ով մշտապես իմ մասին հոգ է տանում:

Բիայնան ավելի շատ իր հայրիկին է նման` հանգիստ, ծիծաղկոտ, ինքնակենտրոնացած: Բիայնան շատ հաջողակ է կյանքում, իր մոտ ամեն բան ավելի հեշտ է ստացվում, քան ավելի շատ ուժ ու եռանդ գործադրող Մելինեի: Մելինեն զբաղվում է վոկալով եւ կիթառի դասերի է հաճախում, սիրում է Մայքլ Զեքսոնին, գիտի բոլոր երգիչների անուններն ու կենսագրությունը: Սիրում է ամեն բան խորացված ուսումնասիրել, գիրք կարդալ: Մելինեն չի սիրում հեռախոսային խաղեր ու չունի դրանցից կախվածություն: Ինքնուրույն հանձնում է հեռախոսն ու խնդրում, որ անջատեմ ու իրեն չտամ:

Բիայնան այս տարի հաճախեց «Տրիո Ստուդիո»-ի դերասանական խմբակ, եւ օգոստոսին նկարահանվելու է «Դեպի ճամբար» սիթքոմում, մարմնավորելու է գլխավոր դերերից մեկին: Նաեւ վերջերս նրան ընտրել էին գովազդային հոլովակում նկարահանվելու համար: Բիայնան շատ է ուրախանում իր հաջողությունների համար ու լրջորեն փորձում վերհիշել դերասանական հմտությունների դասերը:

Մենուաս ջենտլմեն է, ռոմանտիկ, շուտ սիրահարվող…. Մենուան մեր տան ամենաաշխույժն է: Փոքրիկների հետ վտանգավոր խաղեր է խաղում, ու հաճախակի իրար վնասում ու լացում են: Մենուան իմ հայրիկին է նման` կենդանասեր է ու շատ բարի: Սիրում է սովորել վտանգավոր կենդանիների, հատկապես` գիշատիչ ձկների մասին:

Փոքրիկները` Արգիշտին ու Սոֆենան, բնավորությամբ տարբեր են: Առաջինը ծնվել է Արգիշտին, որը շատ է նման հայրական կողմից իր պապիկին` Ջիվանին: Արտաքինով շատ տարբեր է մյուսներից ու դեռ շատ վատ է խոսում:

Սոֆենան մեր տան ուրախությունն է: Ամեն ինչ խոսում է ու ամբողջ օրը բոլորի ուշադրությունը իր վրա է վերցնում: Բոլորս հերթով ուզում ենք գրկել, շոյել, ոսկեգույն խուճուճ մազերի հետ խաղալ: Տանը բոլորը պայքարում են Սոֆենայի ուշադրության և ընկերության համար: Իսկ Սոֆենան ամենաշատը Մելինեի հետ է մոտ, քանի որ իրեն խնամողն ու իր հետ ամենաշատը զբաղվողը հենց նա է:

Բոլոր երեխաներն էլ ունեն արվեստի հանդեպ սեր եւ հետաքրքրություն, սակայն կարծում եմ ու հուսով, որ դրանք կմնան` որպես հոբբի, եւ երեխաները հիմնական մասնագիտություն եւս կունենան: Ժամանակը ցույց կտա, բայց ես ամեն ձեւով փորձում եմ հասկանալ ու զարգացնել նրանց տաղանդներն ու հետաքրքրությունները»:

Ընտանեկան «օրակարգը»

Միշտ զուսպ ու հանգիստ բնավորությամբ աչքի ընկող Գոհարը խոստովանում է` երեխաների հետ, երբեմն ստիպված է լինում «ձայնը բարձրացնել».

«Ես, որպես մայր, ժամանակին ավելի համբերատար էի, քան հիմա: Ինչպես բոլոր մայրերը` ես նույնպես, պարբերաբար, ձայնս բարձրացնում եմ տանը: Դա չի նշանակում, որ ցածր ձայնով չեմ դիմում երեխաներիս, պարզապես, ոչ ոք ցածր ձայնը չի լսում: Քանի որ ամուսինս մեր տան բարին է` երեխաներին երես տվողը, դաստիարակության եւ կարգապահության հարցերը ինձ վրա են մնում: Ես էլ սիրում եմ, երբ երեխաները մաքրասեր են, մեկը մյուսի հանդեպ հոգատար, զիջող, կարգապահ: Տանը գրատախտակի վրա օրակարգ ենք մշակել, որին հետեւում ենք, ու դրանով արդեն շատ հարցեր լուծվում են: Չեմ սիրում, երբ երեխաներն իրենց իրերն ու տան գույքը փչացնում են. ուզում եմ, որ սրտացավ լինեն իրենց համար գնված ամեն ինչի համար»:

Անդրադառնալով իր եւ ամուսնուց ժառանգած ընդհանրություններին` Գոհարը նշեց.

«Մելինեն ու Սոֆենան ինձ են նման, Բիայնան ու Մենուան` ավելի շատ իրենց հայրիկին, Արգիշտիի մասին դեռ չեմ կողմնորոշվում: Բայց գիտեմ` երեխաների մեջ երկուսիս գեներն էլ խառը կան, եւ ժամանակի ընթացքում այս կամ այն հանգամանքներում միայն կդրսեւորվեն»:

«Երազում եմ` աղջիկներս ուժեղ լինեն, տղաներս` կնամեծար ու հոգատար»

Ինչպես յուրաքանչյուր ծնող` Գոհարն էլ իր երեխաների հետ կապված մի շարք երազանքներ ունի.

«Մշտապես երեխաներին սովորեցնում եմ` ազնիվ լինեն: Այնքան շատ են մարդիկ սուտ խոսում, որ դա սարսափելի է դառնում: Սերմանում եմ աշխատասիրություն, միմյանց հանդեպ հոգատարություն, մաքրասիրություն, ներողամտություն: Ինձ համար կարեւոր է, որ աղջիկներս ուժեղ լինեն, իրենց աշխատանքն ու անկախությունը ունենան: Իսկ տղաները կնամեծար ու հոգատար լինեն, հասկանան կյանքում իրենց առաքելությունը»,-նշեց գեղեցկուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE