Կենտրոնական Ֆլորիդայից չարագործները «կոտրում էին» ամերիկյան աստղերի անձնական տվյալները

20:46   20 օգոստոսի, 2013

Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի շրջանի երկու բնակիչներ մեղադրվում են ԱՄՆ շոու-բիզնեսի աստղերի անձնական տվյալները պարունակող բազաների դեմ հաքերային ծրագրի մշակման համար: Ըստ www.wesh.com կայքի, այս մասին նշվում է ԱՄՆ դատախազության հրապարակված ծավալուն փաստաթղթում:

19-ամյա Լուիս Ֆլորեսը եւ 41-ամյա Քիա Գրինը ձերբակալվել են օգոստոսի 8-ին, հաքերային ծրագիր մշակելու մեղադրանքով:

Դաշնային գործակալները խուզարկություն են կատարել կասկածյալների տներում American Express ֆինանսական ընկերության զեկույցի հիման վրա, որում նշված է եղել երկրի մի շարք հայտնի դեմքերի հաշվեհամարների հանդեպ կատարվող կասկածելի գործողությունների մասին:

Ֆլորեսը եւ Գրինը կարողանում էին ստանալ Էշթոն Քաթչերի, Քիմ Քարդաշյանի, վերջինի մոր՝ Քրիս Ջենների, Փերիս Հիլթոնի եւ մյուսների անձնական տվյալները: Մի շարք դեպքերում նրանք օգտագործել են ստացված տվյալները՝ շոու-բիզնեսի աստղերի բանկային քարտերի փոխարինման նպատակով, որոնցից ստացված գումարներն ուղարկում էին իրենց հաշվեհամարներին:

Կասկածյալներին նաեւ մեղադրում են անվտանգության ոլորտի առաջին դեմքերի, մասնավորապես, ՀԴԲ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլլերի դեմ «որս» կատարելու համար: Խուզարկության ժամանակ նրանց բնակարաններում նաեւ հայտնաբերվել են երկրի առաջին տիկին Միշել Օբամայի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի, ԱՄՆ նախագահի տեղակալ Ջո Բայդենի, երգչուհի Բեյոնսեի եւ Բիլ Գեյթսի անձնական տվյալները պարունակող ֆայլեր:

Քննության ընթացքում տեղեկություններ են հայտնաբերվել հայտնիների հաշվեհամարներից հարյուր հազարավոր դոլարների էլեկտրոնային փոխանցումների մասին:



© NEWS.am STYLE