«Երբեք չեմ հանձնվել, չեմ հանձնվում ու չեմ էլ հանձնվելու». «դիմակավորված» Լիա Զախարյանի կյանքի «թափանցիկ» բանաձեւը (ֆոտո)

12:25   16 հունիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը, եթե ինչ-որ շրջանում չի լինում էկրանին, այդ բացը փորձում է լրացնել ֆոտոշարքերի միջոցով` դրանցում էլ ներկայանալով տարբեր կերպարներում: Ինչպես նախորդ ֆոտոշարքը, նոր շարքը եւս Լիան իրականացրել է լուսանկարիչ Lon-ի հետ. այստեղ դերասանուհին «ավազակուհու» կերպարում է: NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչ լուսանկարներ են ստացվել արդյունքում, ինչպես նաեւ` Լիայի հետ պարզ ու անկեղծ զրույցը` բարդ թեմաների շուրջ:

Լիա, ըստ քեզ` կա՞ իրավիճակ, երբ «դիմակ» կրելն անհրաժեշտ է:

Կարծում եմ` մեզանից յուրաքանչյուրն էլ ունեցել է անհրաժեշտություն դիմակ կրելու: Իհարկե, խոսքս փոխաբերական իմաստով դիմակի մասին է: Բոլորս էլ դիմակավոր ենք` ինչ-որ պահի, ինչ-որ իրավիճակում, ինչ-որ մարդկանց հետ...

Ե՞րբ ես, սովորաբար, դեմքդ փորձում թաքցնել:

Աշխատանքիս բերումով` ինչ-որ չափով ճանաչված մարդ եմ համարվում, ու երբ քայլում եմ փողոցով, բնականաբար, լինում են մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, նկատում, նայում են դեմքիս, փորձում շփում փնտրել, ծանոթանալ, լուսանկարվել, ու հաճախ պատահում է, որ հոգնած ես լինում, ինչ-որ բանից լարված կամ նեղված, ուզում ես այդ պահին, ուղղակի, աննկատելի դառնալ, որ քեզ չճանաչեն ու չմոտենան, քեզանից ոչ մի էմոցիա չսպասեն: Այո, եղել են դեպքեր, երբ փորձել եմ շատ արագ քայլել մարդաշատ փողոցներով, որ հանկարծ իմ տխրությունը չնկատեն, որովհետեւ այդ պահին չէի կարողանա դրական լիցքեր փոխանցել դիմացինիս:

Երբ ուզում ես մենակ մնալ, որտե՞ղ ես «փախչում»:

Թաքնվելուս միակ վայրը բնությունն է: Երբ ուզում եմ փախչել ինչ-որ իրավիճակից, ուղղակի, գնում եմ բնության մոտ` այգի, քաղաքից հեռու մի անկյուն, ինչ-որ մի ափ, անտառ... փորձում եմ բնության մեջ մնալ, որովհետեւ ես եւ բնությունը միմյանց շատ լավ ենք հասկանում: Այն ինձ լսում է, կարեկցում, մաքրում է մտքերս, հանգստացնում հոգիս... Ես էլ զրուցում եմ նրա հետ` քամու, թռչունների ձայներով... Եթե հնարավորություն չի լինում հայտնվել բնության գրկում, փակվում եմ սենյակումս, որտեղ կան այն իրերը, որոնք ինձ հանգստություն են տալիս:

Որքա՞ն ժամանակ կարո՞ղ ես մնալ բացարձակ մենակ:

Ամենատխուր իրավիճակն է, երբ բացարձակ մենակ ես: Բոլորիս հետ էլ պատահում է, որ ցանկանանք մի քիչ հեռու տեղ գնալ, հանգստանալ, կամ միայնակ ճանապարհորդել: Բայց երկու օր հետո սկսում ես ձանձրանալ ինքդ քեզ հետ մենակ լինելուց ու այդ տարածությունից: Ձանձրանում ես, որովհետեւ մարդը ծնված չէ հոգեպես կամ ֆիզիկապես մենակ մնալու համար: Նա սիրում է խոսել, լինել լսելի, պատասխանել, կիսել դիմացինի էներգետիկ դաշտը: Մենակ լինելը լավ բան չէ: Դժվար գտնվի մեկը, ով ցանկանա հավերժ մենակ լինել:

Որքա՞ն ժամանակ է քեզ պետք ինչ-որ մեկին ներելու համար:

Ինչ-որ մեկին ներելու համար ինձ բավական է ընդամենը քնել ու արթնանալ: Երբ լավ եմ քնում, արթնանալուն պես այդ նեղվածությունն անցնում է, լիարժեք էմոցիաներ եմ ձեռք բերում ու հանգստանում. հիշաչար չեմ, այդ վատ տրամադրությունն անցնում է ու էլ չեմ կառչում երեկվա էմոցիաներից:

Առաջին քայլեր հաճա՞խ ես անում:

Առաջին քայլեր, այո, հաճախ եմ անում, կարելի է ասել` միշտ: Երբեք ոչ իմ, ոչ էլ դիմացինիս արած քայլերը չեմ հաշվում: Եթե զգում եմ, որ տվյալ հարաբերությունը կամ իրավիճակն այնքան թանկ է, որ արժե այն պահել, միշտ անում եմ քայլ` առանց ակնկալելու, թե այն ինչպես կընդունվի կամ կգնահատվի:

Ի՞նչ քայլեր պետք է անի տղամարդը քո ուշադրությունը գրավելու համար:

Հատուկ քայլեր պետք չէ, որ տղամարդն անի իմ ուշադրությունը գրավելու համար, պարզապես բավական է, որ նա լինի տղամարդ, լինի լավ մարդ, ու ես արդեն նրան կնկատեմ:

Մարդաշատ երեկույթ է. ինչո՞վ կփորձես տարբերվել ու լինել ուշադրության կենտրոնում:

Ինձ մոտ երբեք չի եղել այնպես, որ որեւիցե ջանք գործադրեմ ինչ-որ իրավիճակում առանձնանալու ու ուշադրություն գրավելու համար, որովհետեւ դա միշտ պատահում է` առանց ճիգ գործադրելու: Միգուցե, դա իմ կենսուրախ, խոսուն, ժպտերես ու անմիջական տեսակով է պայմանավորված: Ես երեկույթներին կարողանում եմ լիաթոք ուրախանալ, շփվել, ուտել, երգել, պարել, այնպես որ` ջանքեր պետք չեն եղել, միշտ մերվել եմ շրջապատին ու եղել ուշադության կենտրոնում:

Ինչպե՞ս ես անելանելի թվացող իրավիճակից դուրս գալիս:

Պարզապես, աչքերս փակում եմ ու ինքս ինձ ասում` «Լիա, անելանելի իրավիճակներ չկան, չեն եղել ու երբեք չեն լինելու»: Ցանկացած բան մարդու համար է. եթե այդ իրավիճաը կամ խնդիրը դրված է քո ուսերին, նշանակում է` Աստված հաշվի է առել, որ դու ընդունակ ես այն հաղթահարելու: Ես միշտ շեշտում եմ` չկան անիրական երազանքներ ու անելանելի իրավիճակներ:

Քանի՞ անգամ պետք է ձախողես, որ վերջնականապես որոշես հանձնվել:

Հանձնվելու մասին խոսք լինել չի կարող: Ես կարող եմ հազար անգամ ձախողել, բայց ես չեմ հանձնվում: Դա իմ մոտիվացիան է, առաջ գնալու, կյանքի հետաքրքրությունը բացահայտելու ու զգալու ձգտումն է: Եթե հանձնվեմ, ուրեմն` անիմաստ կլինի ապրելը: Կյանքում ոչինչ հեշտ չի տրվում, եւ հանձնվելը նշանակում է կյանքում ոչնչի չձգտել ու չհասնել: Երբեք չեմ հանձնվել, չեմ հանձնվում ու չեմ էլ հանձնվելու:

Ո՞ր արտահայտությունն է քեզ ոգեշնչում ու դրական տրամադրում ցանկացած իրավիճակում:

Ինձ ոգեշնչում է այն միտքը, որ ես Աստծո որդին եմ, ու եթե ես Աստծո որդին եմ ու ունեմ մեծ հավատք ու վստահ եմ, որ Աստծո պաշտպանության ու օրհնության ներքո եմ, ոչնչից չեմ վախենում: Գիտեմ, որ եթե անգամ հիմա ինձ չհասկանան ու չընդունեն, դա ժամանակավոր է, Աստծո կամքով` ամեն ինչ կկարգավորվի: Եթե ես բարին եմ տալիս ու բարին եմ կամենում, վաղ, թե ուշ, այն կվերադառնա ինձ, ու ես կունենամ հաջողություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Lon



© NEWS.am STYLE