Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին իր կարողության կեսը նվիրելու է կանանց

23:19   21 օգոստոսի, 2013

Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհում 42-ամյա Սառա Բլեյքլիին ճանաչում են որպես մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատեր կնոջ: Վերջերս հաջողակ գործարարուհին հայտնել է իր կարողության կեսը կանանց իրավունքների եւ ազատությունների ընդլայնման պայքարի համար զոհաբերելու մտադրության մասին:

 

Իր ծրագիրն իրականացնելու համար Սառան միացել է Բիլ Գեյթսի եւ Ուորրեն Բաֆեթի The Giving Pledge անվանումով բարեգործական նախագծին (Սառան այդ նախագծին միացած առաջին կինն է): Այն մոլորակի ամենահարուստ մարդկանց կոչ է անում իրենց եկամուտի մի մասը զոհաբերել կարիքավորներին օգնելու համար: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, Բլեյքլին խոստովանել է, որ իր ներդրմամբ մտադիր է նպաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքի եւ առողջության բարելավմանը:

 

Սառային համաշխարհային ճանաչում եւ աներեւակայելի եկամուտ բերեցին նրա ստեղծած Spanx շտկող զուգագուլպաներն ու ներքնազգեստը: Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ Սառան ձգվող ժանյակների եւ թել ու ասեղի միջոցով կարողացավ չենթարկվող զուգագուլպաները մարմնին ֆիքսել: Դրանից հետո աղջիկը հասկացավ, որ իր նորարարությունը կարող է փոխել փարթամ կազմվածքով կանանց կյանքը եւ նրանց օգնել թաքցնել նկատելի ծալքերը:

 

Վերավաճառողների հետ մի քանի անհաջող բանակցություններից հետո, ովքեր հրաժարվում էին վաճառել Spanx-ը, Սառան մտերիմ ընկերուհիներին խնդրեց այցելել ԱՄՆ-ի հայտնի առեւտրային կենտրոններ եւ բարձրաձայն պահանջել Spanx-ի նոր շտկող ներքնազգեստը:

 

2000 թվականին Սառան իր արտադրանքի նմուշն ուղարկեց ամերիկյան հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի խմբագրություն: Հենց Օփրայի շոուն էր նպաստեց Spanx-ի փայլուն հաջողությանը, երբ նա Բլեյքլիի ստեղծած զուգագուլպաներն անվանեց կանացի ներքնազգեստի ստեղծման պատմության մեջ հեղափոխություն առաջացրած ապրանք: Սիրված հաղորդավարուհու երաշխավորումից հետո հսկայական թվով կանայք ցանկություն հայտնեցին ձեռք բերել նոր արտադրանքը, ինչն էլ երիտասարդ աղջկան համաշխարհային ճանաչում բերեց:



© NEWS.am STYLE