Գայթակղիչ, ոճափոխված ու ամառային. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

15:25   20 հունիսի, 2020

Ամառն Instagram-ը դարձրել է ավելի վառ, սեքսուալ ու գայթակղիչ. չէ՞ որ, սա այն սեզոնն է, երբ հայտնիները շաբաթվա մեծ մասն անցկացնում են լողավազաններում, եւ այս շրջանում ամենահաճախն են դիմում ոճափոխությունների:

Այս շաբաթ նրանց ինստագրամյան հրապարակամները ճիշտ այդպիսին էին:

Երգչուհի Իվետա Մուկուչյանն, օրինակ, լողազգեստով գայթակղիչ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր գրավիչ կառուցվածքը:

Դերասանուհի Ժաննա Վելիցյանն էլ հանգիստն է վայելել լողավազանում: Ժաննային լուսանկարներում կտեսնեք բնական ու թարմ տեսքով:

«Ազիզյանները» սիթքոմի սիրված կերպարներից մեկին՝ Ռուզանին մարմնավորող Անի Լուպեն, հունիսի 15-ին նշում էր ծննդյան 36-ամյակը: Ինչպես NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր դերասանուհին՝ ծննդյան խնջույքը կազմակերպվել էր իրենց բակում: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ դերասանուհին չի կարողացել հրավիրել բոլոր ընկերներին, բայց Անիի խնջույքին հայտնի գործընկերներից ներկա են եղել Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Շատվերյանը, Լուիզա Ներսիսյանը եւ այլք, որոնց հետ համատեղ լուսանկարները Անին հրապարակել է Instagram-ում:

Շաբաթը լի էր նոր ֆոտոշարքերով:

Դերասանուհի Լիա Զախարյանը, համագործակցելով լուսանկարիչ Lon-ի հետ, ներկայացրել է նոր ֆոտոշարք, որը շատ արդիական է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ դերասանուհին լուսանկարներում դիմակով է. ի դեպ, Լիան շարքը տրամադրել էր նաեւ NEWS.am STYLE-ին ու անկեղծորեն պատասխանել մեր հարցերին:

Նոր ֆոտոշարք ուներ նաեւ Օլյա Հակոբյանը (լուսանկարիչ՝ Միլեն Մանուկյան), որի կադրերն այս շաբաթ պարբերաբար հայտնվում էին դերասանուհու ինստագրամյան էջում: Ի դեպ, Օլյան երկրպագուներին զարմացրել է նաեւ իր հերթական ոճափոխությամբ՝ շիկահերից վերածվելով կարմրահերի:

Սրբուկի կենդանի կատարումները կարոտած հանդիսատեսն էլ նրանից հասցրեց առնել կարոտը՝ գոնե ֆոտոշարքի տեսքով, որը երգչուհին հրապարակել է իր ինստագրամյան էջում: Լուսանկարների հեղինակն է ghazaryanphoto-ն:



© NEWS.am STYLE