Հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը Մոսկվայում ինքնատիպ շոու կներկայացնի

15:44   22 օգոստոսի, 2013

Հայտնի ջութակահար, վիրտուոզ կատարող Էդգար Հակոբյանը հոկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Մոսկվայի «МИР» համերգասրահում յուրօրինակ շոու կներկայացնի:

Jazz Parking-ի մամուլի ծառայությունից NEWS.am STYLE-ին տեղեկացրեցին, որ «Էդգար» երաժշտական ներկայացումը նորարարական ռեժիսուրայի, պարի, դերասանական վարպետության, լուսային եւ հատուկ էֆեկտների, ժամանակակից դեկորացիաների, կոստյումների եւ երաժշտական գործիքների անկրկների կատարման ինքնատիպ համադրություն է:

Համերգի հիմքում լինելու են Էդգարի «In Transit» նոր ալբոմից ստեղծագործություններ. դասականի հետ թեթեւ ջազի եւ պարային երաժշտության համադրություն՝ համեմված ավանդական արեւելյան մոտիվներով: Էդգար Հակոբյանն ինքը բացատրում է, որ ոճերի, ռիթմի, մեղեդիների մշտական փոփոխությունը ստեղծում է Կյանք կոչվող գնացքի պատուհանից այն կողմ սլացող պատկերները: Բացի հեղինակային գործերից, համերգի ընթացքում կհնչեն նաեւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ՝ նոր գործիքավորմամբ:

Համերգին մասնակցելու է Ս.Ս.Պրոկոֆեւի անվան սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը: Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Լյուբով Ուսպենսկայան, Սոնան, Մարգարիտա Պոզոյանը եւ հայտնի Moscow HooK-ը:

Էդգար Հակոբյանը ջութակի վարպետ է, ով ճանաչում է ձեռք բերել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Նա արժանացել է Ռուսաստանի Ազգային Արժեք մեդալի, Փարիզում անցկացված «Բաց Եվրոպա» միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակի: Հենց ֆրանսիական մայրաքաղաքում էլ նրան պարգեւատրել են իտալական հայտնի վարպետ Կառլո Բերգոնցիի ստեղծած ինքնատիպ ջութակով, որը դարձել է Էդգարի ելույթների մշտական ուղեկիցը:

Երիտասարդ ջութակահարը հանդես է գալիս ոչ միայն մենահամերգներով, այլեւ համատեղ նախագծերում: Դրանցից ամենից հաջողվածներից է դաշնակահար Դմիտրի Մալիկովի հետ դուետը՝ վերջինի «PIANOMANIЯ» նախագծի շրջանակում: Էդգարը նաեւ «Սլավոնական բազար»-ի, «Կատյուշա» միջազգային էթնոմշակութային փառատոնի, ՄԱՄԱԿՈԲՈ միջազգային փառատոնի մշտական հյուրն ու մասնակիցն է: Իսկ նրա յուրաքանչյուր մենահամերգ կատարողական արվեստի իսկական տոն է:

«Էդգար» շոուն անցկացվելու է Euromusic-ի, Колизей-ի, Jazz Parking-ի եւ Life Concert-ի աջակցությամբ:



© NEWS.am STYLE