«Նայեք նկարներիս, բա ես Վիկտո՞ր եմ». Վիկտորիա Սահակյանը՝ տղամարդու մեջ նախընտրելի գծերի, ծիծաղելի լուրերի ու չսիրած դիմելաձեւի մասին (ֆոտո)

12:08   22 հունիսի, 2020

Նրբաճաշակ, կանացի, միեւնույն ժամանակ՝ սպորտային ու հարմարավետ. հենց այս ոճային համադրության մեջ է դերասանուհի Վիկտորիա Սահակյանն իրականացրել իր նոր ֆոտոշարքը, որը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատասխանելով մեր հարցերին՝ մի շարք բացահայտումներ արել իր նախասիրությունների, իր մասին ծիծաղելի բամբասանքների, շիկահերների մասին չսիրած կարծրատիպերի, տղամարդու մեջ նախընտրած գծերի ու այլ թեմաների շուրջ:

Մարդ, որին անմնացորդ վստահում ես գաղտնիքներդ:

Կարծում եմ` մայրս է, չնայած, որ տեսակով շատ նվիրվող եմ` ընկերներիս, հարազատներիս, այնպես որ, միգուցե, էլի կան մարդիկ, որոնց վստահում եմ:

3 գիծ, որ պետք է ունենա քո երկրորդ կեսը:

Երկրորդ կեսս պիտի ունենա հումորի զգացում, անսահման բարի լինի, հատկապես կենդանիների հանդեպ, եւ ազնիվ լինի, որովհետեւ խաբեության մեջ ոչինչ չի կառուցվում:

Աքսեսուար, որն անբաժան է քեզանից:

Հեռախոսս, չնայած` տնից դուրս գալիս ինձ մոտ պետք է լինի նաեւ բանկային քարտ, ականջակալ, ու եթե չեմ մոռանում`բանալի (ծիծաղում է):

Երգ, որը քո կյանքի «սաունդթրեքն» ես համարում:

Քանի որ անընդմեջ լսում եմ երաժշտություն, անընդհատ փոխվում է իմ ֆավորիտ երգը, հետեւաբար կոնկրետ երգ չեմ կարող նշել, բայց անսահման սիրում եմ երաժշտությունը, մանավանդ` առանց խոսքերի:

Ոճ, որում ամենահարմարավետն ես քեզ զգում:

Երեւի ինչպես բոլորը` ես էլ սպորտային ոճում ավելի հանգիստն եմ ինձ զգում: Այս գրաֆիկի մեջ, երբ անընդհատ քայլում ես, աշխատում, գոնե հագուստի մեջ քեզ պետք է հարմար զգաս:

Ոճ, որը բացարձակ քեզ հետ կապ չունի:

Իրականում անընդհատ ուզում եմ փորձարկումներ անել, անգամ այս նոր ֆոտշարքում այնպիսի հագուստով եմ, որն առօրյայում չեմ կրում, բայց կարծում եմ` ոճերի միքսն ամենագեղեցիկն է, օրինակ` սպորտային կոշիկների ու շրջազգեստի համադրությունը, որը նաեւ թրենդային է:

Բառ, որն ամենից հաճախն ես օգտագործում:

Շատ եմ օգտագործում «Լավ էլի, արա» արտահայտությունը, «ալո» եմ շատ ասում, ինձ թվում է` հեռախոսով շատ զրուցողների ամենահաճախ գործածվող բառն է (ծիծաղում է):

Ո՞ր գույնն է, ըստ քեզ, ամենից շատ քեզ սազում:

Կարծում եմ` ինձ ամենից շատ սպիտակն է սազում, բայց ինքս ավելի շատ սեւն եմ սիրում:

Եթե ոչ շիկահեր, ապա...

Եթե ոչ շիկահեր, ապա իմ բնական վարսերի գույնը` դարչնագույն:

Շիկահերների մասին ամենաչսիրածդ կարծրատիպը:

Դե, որ շիկահերները տգետ են: Կարծում եմ` մազի գույնը ոչ մի կապ չունի ուղեղի պարունակության հետ` անկախ նրանից, թե ի ծնե շիկահեր ես, թե ներկել ես մազերդ:

Քո մասին լսածդ ամենածիծաղելի բամբասանքը:

Երեւի այն, թե ես նախընտրում եմ աղջիկների (ծիծաղում է), ինչը բացարձակ ինձ հետ կապ չունի:

Ուշանալը քեզ հատո՞ւկ է:

Ուշանալն ինձ հատուկ էր մի քանի տարի առաջ, երբ ես, կարելի է ասել, ուշանալու խորհրդանիշն էի, բայց աշխատում եմ ինձ վրա ու հատկապես կարեւոր հանդիպումներին փորձում եմ չուշանալ:

Ամենաերկարը քանի՞ ժամ ես ուշացել:

Մի քանի ամսով (ծիծաղում է):

Եթե աշխարհում միայն մեկ եղանակ լիներ, ո՞րը կընտրեիր:

Միանշանակ` ամառ: Երբեք չեմ հասկացել այն մարդկանց, որոնք սիրում են ձմեռը, աշունը, որովհետեւ այդ ռոմանտիկ երկու վայրկյանը վայելում ես, իսկ հետո այնպիսի ցուրտ ես զգում (ծիծաղում է), որը հավես չի:

Վիկա, Վիկտորիա, Վիկի, Վիկ... ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են, ու ո՞րն է ամենաչսիրածդ տարբերակը:

Այդ բոլոր տարբերակներով էլ ինձ դիմել ու դիմում են, ու ես բավական դրական եմ վերաբերվում այդ դիմելաձեւերին, բայց ատում եմ, երբ ինձ անվանում են Վիկտոր (ծիծաղում է): Իհարկե, ընկերներս են դա անում կատակով, բայց, ախր, նայեք նկարներիս, բա ես Վիկտո՞ր եմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Միլեն Մանուկյան



© NEWS.am STYLE