«Ամեն ինչ կլինի իր ժամանակին». Լուարա Հայրապետյանը` ընտրյալի հետ հարաբերությունների ու համագործակցության եւ մարքեթինգի ոլորտում աշխատանքի մասին (ֆոտո)

13:05   25 հունիսի, 2020

Ամերիկաբնակ երգչուհի Լուարա Հայրապետյանը, որին երաժշտասերներն ավելի լավ կհիշեն «Մանկական Եվրատեսիլ 2009» մրցույթից` «Բարսելոնա» երգով, օրերս համալրել է համալսարանն ավարտած ուսանողների շարքը: Լուարան սովորում էր Կալիֆորնիայի պետական` «Նորթրիջ» համալսարանում` մարքեթինգի ֆակուլտետում: Երգչուհին դեռեւս չգիտի` կշարունակի՞ ուսումը, թե ոչ, բայց կարծում է` շարունակելու դեպքում կընտրի այլ մասնագիտություն:

«Ընտրեցի մարքեթինգ ոլորտը, որովհետեւ այն շատ հետաքրքիր եմ համարում, որը նաեւ շատ արդի է այս ժամանակաշրջանում: Կարծում եմ` բոլորս էլ գիտենք, թե որքան են զարգացել օնլայն կյանքը, օնլայն բիզնեսը, որը հիմա, հատկապես, իրականացվում է գովազդի ու ճիշտ մարքեթինգի միջոցով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մասնագիտության ընտրությանը, նշեց Լուարան:

22-ամյա երգչուհին 17 տարեկանից աշխատում է մասնագիտությամբ, այդ պատճառով էլ, ինչպես նշում է, երգարվեստն այս շրջանում երկրորդ պլանում է, բայց Լուարան հույս ունի` 2021-ին կվերադառնա նոր ծրագրերով ու հայալեզու կատարումներով:

Ինչ վերաբերում է ավարտական միջոցառմանը, ինչպես այս տարվա բոլոր շրջանավարտները, Լուարան ու կուրսեցիներն էլ խնջույք չեն կարողացել կազմակերպել.

«Համաճարակից ելնելով` չկարողացա նշել այդ օրը, բայց շատ շնորհավորանքներ ու նվերներ եմ ստացել հարազատներիս ու մտերիմներիս կողմից»,-ասում է նա:

Անդրադառնալով Լոս Անջելեսի ներկայիս առօրյային` Լուարան նշեց.

«Արտակարգ դրությամբ պայմանավորված` նախորդ երկու ամիսներին աշխատել եմ տնից, գրեթե դուրս չմ եկել: Հիմա, կարելի է ասել, կյանքն ընթանում է իր բնականոն հունով. ամեն տեղ կարող ենք հաճախել, բայց պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Երազում եմ դիմակս հանել հասարակական վայրերում»:

Երգչուհու հետ զրուցեցինք նաեւ սիրելիի՝ Երվանդի հետ երաժշտական դուետ ստեղծելու մասին. վերջերս զույգը համատեղ հոլովակ էր ներկայացրել, որում ընտրյալը կիթառով նվագակցում էր Լուարային.

«Չեմ կարծում, որ մի օր այդ ձեւաչափով սկսենք գործունեություն ծավալել, չնայած` երբեք ոչինչ չես կարող ասել հստակ: Պարզապես, նա ակտիվ չէ սոցիալական կայքերում ու կապ չունի երգարվեստի հետ, բայց հնարավոր է` ժամանակ առ ժամանակ կարճ cover-ներ անենք, որտեղ նա ինձ կնվագակցի»,-ժպիտով հավելեց նա:

Ինչ վերաբերում է մոտ ապագայում հարաբերությունների օրինականացմանը` Լուարան պատասխանեց.

«Ամեն ինչ կլինի իր ժամանակին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լուարա Հայրապետյանը



© NEWS.am STYLE