Individuum Casting Production-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը՝ Հայաստանում հայտնի դառնալու ճանապարհների մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը

16:33   23 օգոստոսի, 2013

Հայաստանում կա մի ընկերություն, որը զբաղվում է տաղանդներ բացահայտելով: Եթե ուզում եք դառնալ աստղ, ապա դա ամենակարճ ճանապարհն է: Ինչպե՞ս հայտնի դառնալ: Արդյոք կարելի՞ է Հայաստանում լինելով հասնել միջազգային ճանաչմանը: Որքանո՞վ է այս ասպարեզում աշխատում «ծանոթ-բարեկամ» գործոնը: Այս թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել Individuum Casting Production ընկերության հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ:


Ինչպե՞ս ծնվեց Individuum Casting-ը ստեղծելու գաղափարը: Որքա՞ն ժամանակ այն գոյություն ունի:

2008 թվականին ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի կողմից «Փախուստ» սերիալում նկարահանվելու հրավեր ստացա: Ես միշտ ցանկանում էի փորձել ինձ: Մի քանի մասում խաղացի, հետո Արմեն Պետրոսյանի՝ Մենչի «Բլեֆ»-ում հանդես գալու հրավեր ստացա: Անուհետեւ պետք է Լիլիթ Հովհաննիսյանին փորձության ենթարկեինք: Մտածեցի, եթե ուրիշները կարողանում են, ինչո՞ւ ես էլ չփորձեմ: Դրանից հետո էլ ծագեց casting կենտրոն ստեղծելու միտքը:

Կարծում եք այս 5 տարվա ընթացքում հասե՞լ եք այն ամենին, ինչին ցանկանում էիք հասնել:

Միշտ ձգտում եմ ավելիին: Ես մեկ բան էի ցանկանում. մարդկանց համար հնարավորություն ստեղծել, որպեսզի փորձեն մի քանի քայլ ավելի մոտենալ իրենց երազանքին: Ոմանց մոտ ստացվեց, ոմանց մոտ՝ ոչ… Կենտրոնը միշտ պետք է զարգանա:

Աշոտ, վաղուց Հայաստանում մասնակից եք հոլովակների նկարահանմանը: Ինչպե՞ս կբնորոշեք այդ գործընթացը:

Տեսահոլովակների ստեղծման գործընթացում ես զբաղվում եմ միայն ընտրությամբ՝ casting-ով: Ուրախալի է, որ տարիների ընթացքում ամեն առումով որակական առումով դրական փոփոխություններ են գրանցվում:

Որքան գիտեմ, տեսահոլովակներում հիմնականում վրացուհիներ են հանդես գալիս: Ինչո՞ւ հայ աղջիկներին չեք ընտրում:

Ոչ միշտ: Ձեր նշած երեւույթը նկատելի է միայն վերջին մեկ տարվա ընթացքում: Այդ էլ այն պատճառով, որ անցյալ տարի ես Վրաստանում Individuum casting-ի մասնաճյուղ հիմնեցի: Իհարկե, բազմաթիվ հայ տաղանդավոր հայ աղջիկներ կան, պարզապես երբեմն հարկ է լինում հրավիրել նաեւ արտերկրից: Այդ համագործակցության եզրեր ստեղծելու հնարավորություն է ընձեռում: Այսօր նրանք են գալիս, վաղն էլ մենք կգնանք նկարահանումների… Իմ առաջիկա ծրագրերից մեկն էլ այդ է: Վրաստանն ինձ համար նշանակետ է: Այդ մեզ մոտ միակ պետությունն է, որ համագործակցում է ամերիկյան եւ եվրոպական ֆիլմարտադրողների հետ:

Այսինքն, Հայաստանն այդ առումով ապագա չունի՞:

Այդպես չէի ասի: Պարզապես, եթե դիտեք, օրինակ, Beyonce-ի Round the world տեսահոլովակը, կնկատեք, որ այն Վրաստանում է նկարահանված:

Հայաստանը չի կարող ապագա չունենալ: Պարզապես ինչ-որ մեկը պետք է կարողանա դիվանագիտորեն ամերիկյան ֆիլմարտադրողներին Հայաստան բերել: Եվ քանի որ նրանք Վրաստանում արդեն գործունեություն են ծավալում, մենք նույնպես որոշեցինք այնտեղ մասնաճյուղ բացել: Վստահ եմ, որ մի օր հայաստանյան դերասանները նույնպես կնկարահանվեն համաշխարհային ֆիլմերում:

Ի դեպ, արտագաղթի թեմային հաճախ եք անդրադառնում: Իսկ Դուք երկրից կգնա՞իք:

Աշխարհում պետք է Հայաստանը ճանաչեն մեր տաղանդների՝ մարզիկների, նաեւ դերասանների շնորհիվ: Ես չափից շատ եմ սիրում իմ երկիրը, որպեսզի կարողանամ գնալ:

Ըստ Ձեզ, մեզ մոտ առաջընթաց նկատվու՞մ է: Մոտենո՞ւմ ենք ամերիկյան կամ եվրոպական հոլովակներին:

Իհարկե, կան որոշ հոլովակներ, որոնք ընդհանրապես չեն զիջում արտասահմանյաններին: Պարզապես արտերկրում դրանք մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ այնտեղ ավելի շատ թվով դիտումներ են արձանագրվում:

Անուններ կնշե՞ք:

ARAM MP3՝ IF I TRIED, Արմենչիկ՝ Kisss me, Վաչե Արամյան՝ «Բալա»… Որակյալ հոլովակներ շատ կան:

Նաեւ սերիալների համար եք դերասաններ ընտրում: Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը: Ծանոթ-բարեկամ գործոնն աշխատո՞ւմ է:

Այո, դերասաններ եմ ընտրում նաեւ սերիալների համար: Բայց՝ ոչ երբեք ծանոթ-բարեկամ սկզբունքով: Հակառակը, խուսափում եմ ծանոթներին եթերում ներկայացնել: Ցանկանում եմ, որ ամեն ինչ արդար լինի: Ձգտում եմ, որ ընտրվի այն թեկնածուն, ով համապատասխանում է ռեժիսորի կամ պրոդյուսերի նախընտրած կերպարին:

Իսկ ո՞րն է լավ դերասան դառնալու նախապայմանը: Ինչի՞ն եք ուշադրություն դարձնում ընտրություն կատարելիս:

Ընտրությունն անցկացվում է մի քանի փուլով: Առաջինը պատվերն է, երբ ռեժիսորը կամ պրոդյուսերն ըստ սցենարի մտածում են, թե ինչ կերպարներ են իրենց անհրաժեշտ: Դիմում են մեզ, մենք լուսանկարների եւ տվյալների հիման վրա ընտրում ենք թեկնածուների, հրավիրում մեր կենտրոն՝ նախագծի ղեկավարի հետ հանդիպման: Երբեմն նաեւ փորձնական նկարահանումներ են անցկացվում: Սակայն լինում են դեպքեր, երբ ռեժիսորները, վստահելով մեր փորձին, պարզապես նկարագրում են իրենց ուզած կերպարը, իսկ մենք ինքներս ենք թեկնածուներ ընտրում եւ ներկայացնում նրանց: Ամեն դեպքում՝ վերջին խոսքը ռեժիսորինն է:

Ներկայում ի՞նչ նախագծերի ուղղությամբ եք աշխատում:

Ներկայում համագործակցում ենք Երեւանում նկարահանվող մի քանի ռուսական սերիալների պրոդյուսերների հետ: Նաեւ մի քանի տեսահոլովակի, գովազդի casting ունենք: Բացառիկ պայմանագիր ունենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ, համագործակցում ենք Հանրային եւ «Շանթ» հեռուստաընկերությունների հետ:

Իսկ ո՞րն է ամենից հետաքրքիր նախագիծը:

Յուրաքանչյուր նախագիծ իր հետաքրքրությունն ունի: Յուրաքանչյուրն առանձնահատուկ մոտեցում է պահանջում:

Նկարահանումների հրապարակից որեւէ հետաքրքիր կամ զվարճալի դեպք կպատմե՞ք:

Այդ մեկը՝ ոչ: Այդ կապված է նաեւ նկարահանվողների հետ: Չեմ կարող ինձ իրավունք վերապահել խոսել այդ մասին:

Եվ վերջում… Ի՞նչ կփոխեիք այսօրվա կյանքում. Ձեր կյանքում եւ ընդհանրապես:

Իմ կյանքում ոչինչ չէի փոխի: Իսկ ընդհանրապես… մի քիչ բարություն է պակասում: Կցանկանայի, որ մարդիկ փոքր-ինչ բարի ու կարեկցող լինեին: Հասկանում եմ, որ խնդիրները շատ են, բայց մեր ազգն ուժեղ եւ հզոր է միասնականությամբ:

Զրուցեց Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE