«Աստված ժպտում է քեզ ու մեր ընտանիքին». Ուեսթը յուրօրինակ կերպով է Քիմ Քարդաշյանին շնորհավորել միլիարդատիրոջ կարգավիճակի առիթով

15:01   30 հունիսի, 2020

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Coty կոսմետիկայի ապրանքանիշի հետ կնքված հաջողակ գործարքի առիթով սոցիալական ցանցերում շնորհավորել է կնոջը՝ մոդել եւ գործարար Քիմ Քարդաշյանին։ Հեռուստաաստղի ամուսինը գրել է, որ շատ է հպարտանում Քիմով՝ նրան անվանելով «պաշտոնական միլիարդատեր» («Forbes»-ի տվյալներով՝ այդ կարգավիճակի համար Քիմին չի բավարարում եւս 100 մլն դոլար)։

«Ես այնքան եմ հպարտանում իմ գեղեցիկ կնոջով՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթով, նա պաշտwնապես միլիարդատեր է դարձել։ Դու դիմակայել ես ամենախելահեղ փոթորիկներին, եւ հիմա Աստված ժպտում է քեզ ու մեր ընտանիքին»,- Twitter-ում գրել է Քանյեն՝ նրա համար վարդից ու կանաչ լոլիկից նատյուրմորդ պատրաստելով։

Քիմն ու նրա թիմը կշարունակեն ղեկավարել իրենց ընկերությունը։ Քարդաշյանի խոսքով՝ համագործակցությունն այնպիսի հայտնի կազմակերպության հետ, ինչպիսին Coty-ն է, կնպաստի կարեւոր ապրանքանիշերի առաջխաղացմանը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը գործարք է կնքել Coty ընկերությունների խմբի հետ (CoverGirl, Sally Hansen եւ Rimmel ապրանքանիշերի սեփականատերը), որի շրջանակներում վաճառել է իր կոսմետիկայի KKW Beauty ապրանքանիշի 20 տոկոսը։ Ապրանքանիշը գնահատել են 1 մլրդ դոլար։ Գործարքի արժեքը, համապատասխամաբար, կազմել է 200 մլն դոլար։



© NEWS.am STYLE