«Մադագասկար» մուլտֆիլմի մոտիվներով ներկայացում Սունդուկյանի անվան թատրոնի աշնանային թատերաշրջանում

14:26   23 օգոստոսի, 2013

Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական պետական թատրոնի աշնանային նոր թատերաշրջանը սեպտեմբերի 14-ին բացվելու է երկու պրեմիերայով. հոլիվուդյան հայտնի «Մադագասկար» մուլտֆիլմի մոտիվներով համանուն ներկայացմամբ, ինչպես նաեւ Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» պիեսի բեմադրությամբ: Այս մասին օգոստոսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահե Մովսիսյանը:

«Մեր աշնանային թատերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 14-ին: Ընդհանուր առմամբ, այս թատերաշրջանում շուրջ 40 բեմադրություն է ներկայացվելու… Երկու պրեմիերա ենք ունենալու. «Մադագասկարը» եւ «Ռիչարդ Երրորդը»,- նշեց Վ.Մովսիսյանը:

Նա նաեւ պատմեց, որ 40 դերասանից կազմված թատերախումբը վերջերս է վերադարձել Բաթումիի շրջագայությունից: Օգոստոսի 8-15-ն այնտեղ ներկայացրած բեմադրությունները ջերմ ընդունելություն են գտել հանդիսատեսի կողմից: «Մենք ներկայացրեցինք «Կովկասյան կավճային շրջանը» բեմադրությունը՝ Բրեխտի համանուն պիեսի հիման վրա, եւ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց»-ը: Քանի որ թարգմանություն չունեինք, ներկայացումից առաջ հակիրճ պատմում էինք ստեղծագործության բովանդակությունը: Հանդիսատեսը ջերմ ընդունեց բեմադրությունները, հատկապես երկրորդը»,- նշեց նա:

Պ.Զեյթունցյանի պիեսում Ջեմալ փաշայի դերում պետք է հանդես գար լուսահոգի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, սակայն նրան փոխարինել է թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Մովսիսյանի խոսքով, ներկայացումներին ներկա է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հանգստանում էր Բաթումիում: Դերասանները հանդիպել են նաեւ Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արմեն Գեւորգյանի, ինչպես նաեւ Բաթումիի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովվի հետ, ով ներկայացումը դիտելու է եկել իր երեք ամսեկան փոքրիկի հետ: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները թատերախմբի հետ հանդիպման ժամանակ նշել են, որ Բաթումիում հայկական դպրոցներ չկան. գործում է միայն կիրակնօրյա դպրոցը: Այդ պատճառով մայրենիի իմացությունը տեղի հոգեւորականի ջանքերի արդյունքն է:

Բացի այդ, ըստ Վահե Մովսիսյանի, Սուրբ Սարգիս եկեղեցում հրաշալի մանկական երգչախումբ կա, որը փայլուն կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները:

Թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ Երեւանում, այնուհետեւ նաեւ Ֆրանսիայում ուսանելուց հետո սա թատրոնի հետ իր առաջին արտերկրյա շրջագայությունն էր:



© NEWS.am STYLE