«Իմ 18-ամյակին ես լաց էի լինում…». Լիվ Թայլերը նշում է 43-ամյակը (ֆոտո)

16:04   1 հուլիսի, 2020

Ամերիկացի հայտնի դերասանուհի Լիվ Թայլերն այսօր՝ հուլիսի 1-ին, նշում է ծննդյան 43-ամյակը:

Լիվը Aerosmith խմբի հայտնի երաժիշտ Սթիվեն Թայլերի ու մոդել Բիբի Բյուելի դուստրն է:

14 տարեկանում Թայլերն իր կարիերան սկսել է՝ որպես մոդել՝ ավելի ուշ տարվելով դերասանությամբ: Նրան ճանաչում է բերել ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի «Գողանալով գեղեցկությունը» ֆիլմը, որին էլ հաջորդել են դերերը «Էբոտների հնարած կյանքը» եւ «Բախտի անիվը» ֆիլմերում: Թայլերի մասնակցությամբ ամենառեյթինգային ֆիլմը, սակայն, դարձավ «Արմագեդոնը», որտեղ նրա խաղընկերներն են Բրյուս Ուիլիսն ու Բեն Աֆլեքը, իսկ սաունդրեքը կատարում է հայրը՝ Areosmith խմբի կազմում:

Թայլերի մասնակցությամբ այլ աստղային ֆիլմերն են՝ «Աղջիկը՝ Ջերսիից», «Անծանոթները», «Անհավանական Հալքը», «Մատանիների տիրակալը» եւ այլն:

Այսօր առանձնացրել ենք մի քանի հատկանշական մեջբերում՝ դերասանուհու տարբեր հարցազրույցներից:

«Իմ 18-ամյակին ես լաց էի լինում, քանի որ կարծում էի՝ 17-ը ամենահրաշալի տարիքն է՝ երբ դու այնքան երիտասարդ ես, որ ամեն ինչ շատ թեթեւ ես տանում, բայց միեւնույն ժամանակ արդեն բավական հասուն ես»:

«Մենությունն ունի իրեն յուրահատուկ գեղեցկությունը»:

«Չեմ կարծում, թե ես կատարյալ գեղեցիկ եմ»:

«Կարծում եմ՝ զույգերի համար օգտակար է որոշ ժամանակով միմյանցից հեռու գտնվելը»:

«Կյանքն ինձ միշտ ոգեւորում է: Երբ արթնանում եմ, հագնվում ու նախաճաշ եմ պատրաստում, ես դրանից էլ եմ ոգեւորվում»:

«14 տարեկանից ես անդադար աշխատել եմ»:

«Ես միշտ ցանկացել եմ լինել երգչուհի: Ամբողջ կյանքիս ընթացքում ես բարձր երգել եմ տան մեջ»:

«Ես տարված եմ գեեցկությամբ: Իսկապես, իմ երազանքներից մեկը գեղեցկության գաղտնիքների մասին գիրք գրելն ու մաշկի խնամքի միջոցներ արտադրելն է»:

«Երբ որոշ բաներում մի փոքր ջանք ես դնում, արդյունքը կարող է հիացնել: Հատկապես կանանց դեպքում, երբ նրանք ուշադրություն են դարձնում իրենց առողջությանը, մարմնին, մաշկի ու մազերի խնամքին: Մեզ պարզապես օրվա մեջ 5 րոպե է անհրաժեշտ»:

«Ինձ միշտ հետաքրքիր է մարդկանց ուսումնասիրելը»:

Լուսանկարները՝ Լիվ Թայլերի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE