«Մարդիկ, պարզապես, ծալած տաբատներով էին...որտե՞ղ էին տեսել տրանսգենդերների». հայկական բրենդը պարզաբանում է հայտնի լուսանկարի շուրջ սկանդալը

19:41   1 հուլիսի, 2020

Օրերս Սարյան փողոցում տեղի ունեցած կոմերցիոն նկարահանումը համացանցում դարձավ նոր սկանդալի առիթ:

Դրան նպաստեց անցորդներից մեկի` բեքսթեյջից արված լուսանկարը, որում մոդել տղամարդիկ պատկերված են վեր ծալած տաբատներով եւ շորտերով, ինչը վերագրվեց որպես նույնասեռականութան քարոզ: SHA բրենդը, որի համար էլ արվել է նկարահանումը, հերքում է նման խոսակցությունները` դրանք վերագրելով, որպես զրպարտություն եւ հավելելով, որ գովազդային արշավն արվել է բացառապես կոմերցիոն նպատակով. բրենդի ներկայացուցիչ Էմիլ Ավետիսյանը NEWS.am STYLE-ին մանրամասներ է հաղորդել քննարկման լայն ալիք բարձրացրած նկարահանման մասին:

«Դա կոմերցոն նկարահանում էր: Ամեն ինչ շատ պրոֆեսոնալ մակարդակով է եղել` տեսախցիկներ, լույս եւ այլն: Նկարահանումը որոշեցինք իրականացնել Սարյան փողոցում, որովհետեւ տեղանքի առումով ավելի հարմար էր: Ըստ սցենարի` տղաներից երկուսը պետք է փոքր-ինչ ծալեին տաբատը, ու այդ պահին ինչ-որ մեկը, փաստորեն, կողքից մեզ նկարել է` թյուր կարծիք ստեղծելով համացանցում, որից հետո արդեն տարատեսակ նյութեր ու մեկնաբանություններ ենք տեսնում լուսանկարի ներքո:

Լուսանկարն անհիմն կերպով քաղաքականացրին, նշեցին, թե դրանում տրանսգենդերներ են պատկերված, բայց նրանք, պարզապես, մոդելներ են, որոնք աշխատում էին կոմերցիոն նկարահանման շրջանակում: Նրանց կերպարները նկարահանման համար էին` իրականում շատ թրենդային կադրեր ենք ունեցել, որոնք երեւում են արդեն պատրաստի աշխատանքներում: Մինչդեռ ոմանք, առանց ճշտելու ինֆորմացիան, տարածել էին, թե սա նույնասեռականների շքերթ է, ինչը վստահեցնում ենք` զրպարտություն է: Նույնիսկ, իրավաբանորեն ճիշտ չէ մարդուն կողքից նկարելն ու զրպարտելը: Տղաներն էլ են այդպիսի գրառումների պատճառով շատ խնդիրներ ունեցել շրջապատում եւ տանը: Մարդիկ, պարզապես, ծալած տաբատներով էին, որտե՞ղ էին տեսել տրանսգենդերների: Բրենդը չի հանդիսանում սեռական, քաղաքական, կրոնական կամ այլ հայացքների քարոզչության միջոց։

Մեր գործունեությունը միտված է միայն ու միայն Հայաստանում՝ արվեստի զարգացմանը եւ նորարարությունների ստեղծմանը»։

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE