«Շատ եմ ուզում ինչ-որ բաներ փոխել մեր շուկայում». Ջուլիանա Բերբերյան` հայկական շոու-բիզնեսի նոր «գույնը» (ֆոտո/վիդեո)

14:05   2 հուլիսի, 2020

Երբ օրերս հայկական YouTube-ում հայտնվեց Ջուլիանա անունով երիտասարդ երգչուհու The Wolf տեսահոլովակը, շատերը կարծեցին, թե այն ոչ մի կապ չունի հայկական շոու-բիզնեսի հետ, քանի որ իր ռիթմով ու ոճով կտրուկ տարբերվում է ներկայացված աշխատանքների մեծամասնությունից: Սակայն երգչուհի Ջուլիանա Բերբերյանը Երեւանում բնակող եւ ստեղծագործող հայուհի է, որը չի թացնում` ցանկություն ունի նոր գույն բերել հայկական շոու-բիզնեսին` չվախենալով այն բոլոր հնարավոր դժվարություններից, որոնք կարող են ծագել իր առջեւ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուլիանան խոսել է իր նպատակների ու ոգեշնչման մասին:

Երգչուհին ծնվել է երաժիշտների ընտանիքում. «Հայրս կոմպոզիտոր է, մայրս` ջութակահարուհի: Եղբայրս եւս երգահան է: Նրա հետ եմ իրականացնում իմ բոլոր մտքերը:

Երգում եմ 4 տարեկանից: Հաճախել եմ Սայաթ Նովայի եւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցները` ավարտելով դաշնամուր եւ վոկալ բաժինները: Սեղծագործել սկսել եմ 12 տարեկանից, իսկ կրթությունս ստացել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` ակադեմիական վոկալ բաժնում»,-պատմում է երգչուհին:

Ջուլիանան այժմ երգում է Սուրբ Սարգիս եկեղեցու եւ «Կոմիտաս» երգչախմբերում: Նա ասում է, որ երգից զատ` սիրում է պարը. «Անչափ հոգեհարազատ է պարը: Երկար տարիներ զբաղվել եմ դրանով: Նաեւ հետաքրքրված եմ վիդեոմոնտաժով` այն ամենով, ինչը կապ ունի արվեստի հետ»:

Խոսելով The Wolf երգի ոգեշնչման մասին` նա պատմում է.

«Միշտ ստեղծագործում եմ դաշնամուրով, ու այս անգամ այնպես ստացվեց, որ նվագելու փոխարեն որոշեցի հարվածել դաշնամուրի ներքեւի հատվածին, եւ ռիթմն այնքան հավանեցի, որ եղբորս` Անդրանիկ Բերբերյանի հետ սկսեցինք աշխատել դրա վրա` զարգացնել դա: Մանկուց միասին ենք ստեղծագործում, գործիքավորումն էլ հենց ինքն է արել: Եղբայրս իմ ոգեշնչման աղբյուրն է: Մենք շատ նման ենք մտածում: Տեսահոլովակում գայլը խորհրդանշում է մեր ճանապարհին հանդիպող խոչընդոտները, որոնցից չպետք է վախենալ, դրանք պետք է հաղթահարել հավատքով»:

Դասական երաժշտությունից բացի, որն իր կյանքի անբաժանելի մասնիկն է համարում, Ջուլիանան ոգեշնչվում է մի շարք երաժիշտներից, որոնց թվում են` Ագնես Օբել, Aurora, Բիլի Էլիշ, Daughter, Ibeyi, Ջեյմս Բլեյք եւ Բոն Իվեր:

Երգչուհին հիմնականում ստեղծագործում է Avant pop եւ Indie pop ժանրերում, եւ խոստովանում է` մտավախություն ունեցել է, որ իր ոճը, գուցե, խորթ լինի հայ լսարանին.

«Իհարկե, եղել են մտքեր, որ, գուցե, դժվար լինի ընտրածս ճանապարհը, բայց ինձ համար շատ կարեւոր է այս ուղին սկսել իմ երկրում, քանի որ շատ եմ ուզում ինչ-որ բաներ փոխել մեր շուկայում: Շատ տաղանդավոր երաժիշտներ կան, որոնք քայլեր չեն ձեռնարկում` այստեղ չգնահատվելու վախից, բայց ես վստահ եմ, որ պետք է չհանձնվել, թեկուզ բարդ, բայց քեզ հոգեհարազատ ճանապարհով պիտի գնաս, ինչը, վստահ եմ, կբերի հաջողության: Նաեւ միջազգային շուկայի շուրջ ենք աշխատում: Ես, ուղղակի, անում եմ այն, ինչ սիրում եմ: Քանի որ երգն անգլերեն է, հույս ունեմ ձայնս լսելի դարձնել այլ երկրներում էլ: Ուրախ կլինեմ, եթե հայկական լսարանին եւս դուր գա այս ոճը»,-ասում է նա ու հավելում, որ այս շրջանում եղբոր հետ աշխատում են ձայնասկավառակի ստեղծման շորջ, որը մոտ ապագայում կհանձնեն ունկնդիրների դատին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ջուլիանա Բերբերյանը



© NEWS.am STYLE