«Ուզում էի, որ այն գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը». Նորա Մարտիրոսյանը՝ Կաննի փառատոնում ներկայացված իր ֆիլմի մասին

13:03   2 հուլիսի, 2020

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը առցանց զրույց-քննարկում է անցկացրել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական եւ փառատոնային ճանապարհի մասին: Հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը եւ պրոդյուսեր Անի Որսկանյանը:

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ընդգծել է, որ 11 տարի առաջ Արցախ այցելելուց հետո է որոշել աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։

«Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ուզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը»,-նշել է նա՝ հավելելով, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը եւ այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։ Ռեժիսորն ասել է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն հավելել՝ այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, եւ դա իր ամենամեծ հաղթանակն է։

«Ես չեմ փորձում ֆիլմով ասել՝ ով  է ճիշտ, ով սխալ, փորձում եմ փաստեր ներկայացնել։ Ոչ մի կարծիք չեմ հայտնում, հիմնվում եմ փաստերի վրա։ Իմ ֆիլմը չի նայում դեպի անցյալ, ես չեմ պատմում անցյալի մասին, ներկայացնում եմ ներկան, հայացք եմ ձգում դեպի ապագա» ։

Ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ եւ ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։

Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։



© NEWS.am STYLE