«Կինոտավրը» օնլայն չի անցկացվի. փառատոնը Սոչիում տեղի կունենա սեպտեմբերի 11-18-ը

19:16   2 հուլիսի, 2020

Ռուսական «Կինոտավր» կինոփառատոնը Սոչիում կանցկացվի սեպտեմբերի 11-18-ը։ Այն տեղի կունենա ավանդական ձեւաչափով, սակայն համաճարակաբանական իրավիճակի հտեւանքով դրան կարող են ներկա լինի ավելի քիչ քանակով հյուրեր, իսկ զվարճացնող ծրագիրը կկրճատվի։

«Ուրախ ենք հայտնել, որ ռուսական «Կինոտավր» 31-րդ բաց փառատոնը տեղի կունենա։ Այն չի փոխարինվի օնլայն տարբերակով, այլ կանցկացվի Սոչիում 2020թ.-ի սեպտեմբերի 11-ից 18-ը»,- հաղորդվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում։

«Մենք շարունակում ենք աշխատել 31-րդ «Կինոտավրի» ծրագրի վրա եւ հաշվի առնելով նոր հանգամանքները՝ մոտակա ժամանակներում կսկսենք ձեզ տեղեկացնել այն մասին, թե ինչպես է այս տարի անցկացվելու փառատոնը»,- նշել են կազմակերպիչները։ Նոր պայմանների մասին տեղեկությունը կայքում կհայտնվի հուլիսի 15-ին»։



© NEWS.am STYLE