Մաշան պատվով ելույթ ունեցավ, իսկ Բոգոտան Երեւանում է. շաբաթվա TOP իրադարձությունները՝ հայկական շոու-բիզնեսում (ֆոտո)

16:04   4 հուլիսի, 2020

Այս շաբաթը բավական բուռն էր հայկական շոու-բիզնեսում եւ Երեւանում տեղի ունեցած իրադարձություններով: Չհաշված հայտնիների ինստագրամյան հրապարակումները, որոնք ամեն օր հետաքրքրեցնում են նրանց հետեւորդների առօրյան, մեր քաղաքում ու մեր հայտնիների կյանքում եղան իրադարձություններ, որոնք լայնորեն քննարկվեցին ողջ շաբաթվա ընթացքում:

Դեռ նախորդ շաբաթվանից պարզ դարձավ, որ Հայաստանում է «Թղթե տունը»/La Casa de Papel սերիալից մեր հայտնի հայրենակիցը՝ Բոգոտային մարմնավորող դերասան Հովիկ Կեուչկերյանը, որն առաջին անգամ է հայրենիք ժամանել, իսկ առիթն ամերիկահայ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի եւ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր նախագիծն է, որի գլխավոր դերում էլ հանդես է գալիս դերասանը: Հովիկի ներկայությունը մեծ ոգեւորություն է առաջացրել երկրպագուների շրջանում, որոնք La Casa de Papel սերիալի հայկական ֆեյսբուքյան ֆան-էջում կիսվում էին նրա հետ լուսանկարներով, որոնք արվել են պատահական հանդիպումների ընթացքում:

Այս շաբաթ մեզ ուրախացրեց նաեւ «Հայաստանի ձայնը 2013»-ի  հաղթող Մաշա Մնջոյանը, որը  շարունակում է իր հաղթարշավը «Ավստրալիայի ձայնը» նախագծում: Քելլի Ռոուլենդի թիմում մրցող հայ երգչուհին «Մենամարտ» փուլում ելույթ է ունեցել մեկ այլ մասնակցի` Էլլա Մոններիի հետ: «Մենամարտող» զույգը կատարել է Արետա Ֆրանկլինի Respect երգը: Ըստ փուլի կանոնների` Քելլի Ռոուլենդը կարող էր ընտրել թիմակից աղջիկներից միայն մեկին: Մարզիչը հիացմունքով է խոսել երկու երգչուհիների մասին էլ` խոստովանելով, որ ընտրություն կատարելը դժվար է, եւ ի վերջո նա ընտրել է Էլլային: Այնուամենայնիվ, ժյուրիի մեկ այլ անդամ` Բոյ Ջորջը, որոշել է «փրկել» Մաշային` նրան հրավիրելով իր թիմ: Այսպիսով, Մաշան շարունակում է իր պայքարը նախագծում:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է առաջնեկին: Այս լուրը Շուշաննան հաստատել է նաեւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ նշելով, որ հղիության մասին հարցազրույցներ չի ցանկանում տալ, բայց փաստել է, որ անսահման երջանիկ է կյանքում տեղի ունեցող փոփոխությունից: Երջանիկ են նաեւ դերասանուհու երկրպագուները, որոնք լուրն իմանալուն պես՝ շտապել են շնորհավորել «Սիրուն Սոնայի» գլխավոր դերակատարուհուն:

«Ոսկե ծիրան» փառատոնի կազմն այս շաբաթ օնլայն քննարկում էր կազմակերպել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից՝ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում ռեժիսորն անդրադարձել է ֆիլմի մտահաղացմանը՝ նշելով. «Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմելու է Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար։ Ուզում էի, որ ֆիլմն ավելի շատ գեղարվեստական կերպով ներկայացնի Արցախում առկա աբսուրդային վիճակը»: Նա նաեւ հավելել է, որ բազում հիմնադրամներ, որոնց դիմել է ֆինանսավորման համար, ցանկացել են, որ նա իր սցենարի այլ տարբերակներ գրի, այլ անկյունից ցույց տա Արցախը եւ այլն, իրենց սխեմաներն ու մոդելներն են առաջարկել։ Ռեժիսորն ասել է՝ 9 տարվա ընթացքում 10-15 տարբեր սցենարներ է գրել, սակայն հավելել՝ այսօրվա ֆիլմը շատ նման է նրան, ինչ ուզում էր ասել ամենասկզբում, եւ դա իր ամենամեծ հաղթանակն է։

Ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ եւ ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել են Հայաստանում և Արցախում։

Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE