«Առաջ, Քանյե, առաջ»․ Քիմ Քարդաշյանի ամուսինն առաջադրվելու է նախագահի պաշտոնում

10:06   5 հուլիսի, 2020

Այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ԶԼՄ-ները բազմիցս գրել են: Եվ ահա ռեփերն իր Twitter-ում հայտարարել է 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի աթոռի նկատմամբ հավակնությունների մասին։ «Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է նա։

«Առաջ, Քանյե, առաջ», «Այս տղային աջակցություն է պետք», «Դու վաղուց պետք է դա անեիր», - Ուեսթի գրառման ներքո այսպիսի մեկնաբանություններ են կատարել նրա հետեւորդները։ Ի դեպ, ռեփերին աջակցել են ոչ բոլորը։ Քիչ չէին նաեւ նրանք, որոնք նման մտահղացումը արկածախնդրություն են համարել, իսկ երաժշտին ընդհանրապես անվանել են «ոչ այնքան առողջ մարդ»։

Դե ինչ, ինչպես ցույց տվեց ԱՄՆ-ում ընտրությունների վերջին փորձը, անակնկալներն իրենց «հաղթաթուղթն» են, այնպես որ ռեփեր-նախագահն գուցե այնքան էլ խելահեղ գաղափար չէ։



© NEWS.am STYLE