Նախագահական աթոռին հասնելու ճանապարհին Քանյե Ուեսթի համար խնդիրներ են կանխատեսել

10:11   6 հուլիսի, 2020

ԱՄՆ նախագահ դառնալու ցանկություն արտահայտած Քանյե Ուեսթի համար խնդիրներ են կանխատեսել, հայտնում է USA Today-ը։

Երաժիշտն արդեն իսկ բաց է թողել անկախ թեկնածուների կողմից ստորագրությունների հանձնումը։ Այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ինդիանան, Մենը, Նյու Յորքը, Հյուսիսային Կարոլինան, Տեխասն ու Նյու Մեքսիկոն, համապատասխան փաստաթղթերի հավաքումն ավարտվել է դեռ հունիսի 25-ին։ Բացի այդ՝ սեպտեմբերի 4-ից հետո Քիմ Քարդաշյանի ամուսինը չի կարողանա իր թեկնածությունը գրանցել Միչիգանում, Փենսիլվանիայում, Վիսկոնսինում եւ Արիզոնայում։

Ավելի վաղ ռեփերը հայտարարել է, որ իր թեկնածությունը կառառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նրա մտադրությունը հավանության է արժանացրել «SpaceX» ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ Նա հայտարարել է, որ երաժիշտը կարող է հույսը դնել իր լիակատար աջակցության վրա։

2019թ.-ի աշնանն Ուեսթը հայտարարել է, որ ծրագրում է 2024թ.-ին պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Իր մտադրության մասին նա հայտնել էր Նյու Յորքում «Fast Company Innovation Festival» նորարարությունների փառատոնի շրջանակներում ելույթի ընթացքում։ Նրա խոսքերը ծիծաղեցրել էին հանրությանը, սակայն արտիստը պատասխանել է, որ կկարողանա նոր աշխատատեղեր ստեղծել։

 



© NEWS.am STYLE