Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է անում աջակցել Հայաստանում փոքր բիզնեսին

09:01   7 հուլիսի, 2020

Իրապատում-շոուի աստղ եւ հաջողակ գործարար Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետեւորդներին կոչ է արել աջակցել փոքր բիզնեսին Հայաստանում՝ նվիրատվություն անելով Հայաստանի աջակցության հիմնադրամին։

«Դիտարկեք Հայաստանի աջակցության հիմնադրամին նվիրատվություն անելու հնարավորությունը՝ COVID-19-ի հետեւանքների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար փոքր բիզնեսին»,- գրել է Քարդաշյանը։ Հեռուստաաստղը նաեւ մի քանի ընկերության անուն է հրապարակել, որոնք հատկապես աջակցության կարիք ունեն։ Նրանց շարքում են հայկական թեմատիկայով շարֆեր արտադրող «Արտույտ» ընկերությունը, «Ռետրո» կաֆեն եւ այլն։

Հայաստանի աջակցության հիմնադրամը «Փարոս» հիմնադրամի հետ նախաձեռնություն է սկսել Հայաստանում փոքր բիզնեսին աջակցության համար, որը տուժել է COVID-19-ի համավարակի տնտեսական հետեւանքներից։

«Փարոս» հիմնադրամը 2006թ.-ից զբաղվում է հումանիտար, կրթական, մշակույթային նախագծերի եւ զարգացման ոլորտում ծրագրերի իրականացմամբ։ Գրեթե 15 տարվա աշխատանքի ընթացքում «Փարոս»-ն ավելի քան 200 հաջող նախագիծ է անցկացրել Հայաստանում ու հավաքել ավելի քան 7 մլն դոլար։

 



© NEWS.am STYLE