«Հայաստանը կդառնա այն կենտրոնը, որին կհետեւի դասական երաժշտության ունկնդիրը». Երեւանում կանցկացվի «Music 20» առցանց միջազգային փառատոն

16:31   9 հուլիսի, 2020

Հուլիսի 10-28-ը Երեւանում կանցկացվի «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոն, որի շրջանակում Հայաստան կժամանեն դասական երաժշտության մեջ հայտնի մի շարք արտիստներ: Համերգները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահսմերգային համալիրի դահլիճում, սակայն հանդիսատեսը դրանք կկարողանա վայելել առցանց տարբերակով:

Փառատոնի կազմակերպիչները` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, մեծ ձեռքբերում են համարում Հայաստանում համաճարակային պայմաններում նման միջոցառում կազմակերպելը:

Այսօր` հուլիսի 9-ին կայացած ասուլիսին նրանք մանրամասներ ներկայացրին երաժշտական իրադարձության մասին. «Գաղափարն առաջացել է Սերգեյ Սմբատյանի մոտ: Նա ինձ հետ կիսվեց իր մտահաղացմամբ, եւ միասին քննարկելով` եկանք այն ձեւաչափին, որն այսօր կյանքի է կոչվում: Շնորհիվ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի` մենք կարողացանք կազմակերպել այս ամենը: Սա դասական երժշտության փառատոն է, որին մասնակցում են շատ արտիստներ` աշխարհի տարբեր երկրներից: Մեզ համար այս փառատոնը նրանով է կարեւոր, որ այս համաճարակային պայմաններում, երբ մշակույթը շատ ծանր վիճակում է, Հայաստանը հանդիսանում է այն երկրներից մեկը, որը կարողացել է այս հանգամնքներում կազմակերպել նման միջոցառում` պահպանելով բոլոր նորմերը»,- նշեց Կարեն Ղազարյանը:

Սերգեյ Սմբատյանը վստահ է` այս փառատոնը աշխարհին լավագույն կողմերով ցույց կտա ոչ միայն նվագախմբին, այլեւ կապացուցի, որ մենք ունենք համերգասրահ, որը կարող է ապահովել հրաշալի ակուստիկ հնարավորություններ` սիմֆոնիկ նվագախմբի համար: «Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն աշխարհահռչակ արտիստներ, եւ Հայաստանը կդառնա այն կենտրոնը, որին կհետեւի դասական երաժշտության ունկնդիրը»,-իր խոսքում նշեց նա:

Կազմակերպիչները շեշտեցին, որ Հայաստան ժամանած արտիստները պահպանելու են 14-օրյա պարտադիր կարանտին, համերգասրահ մտնելուց առաջ ախտահանվելու են, կրելու են դիմակ` բացառությամբ իրենց ելույթի ժամանակ, իսկ նրանց միջեւ պահպանվելու է սոցիալական հեռավորությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Սերգեյ Սմբատյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE