Կորոնավիրուսն ու նորաձեւությունը. Մանուկ Ալեքսանյանը` ոլորտի փոփոխությունների, թրենդների եւ TikTok-ով ու Instagram-ով պայմանավորված` նոր միտումների մասին

14:05   11 հուլիսի, 2020

Կորոնավիրուսային համաճարակն իր ազդեցությունն ունեցել է բոլոր ոլորտների, այդ թվում` նորաձեւության աշխարհի վրա, բայց դիզայներ Մանուկ Ալեքսանյանը վստահ է` նորաձեւությունը, որն անցյալում էլ գոյատեւել է ամենածանր պայմաններում, կկարողանա հաղթահարել նաեւ այս փուլը.

«Նորաձեւութունը եղել է միշտ` Առաջին եւ Երկրորդ համաշխարհային եւ այլ պատերազմների ժամանակ, ու այս վիրուսը եւս խնդիր չէ, որ նորաձեւությունը մնա ու հետագայում էլ զարգանա»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դիզայները` հավելելով,-«Այնուամենայնիվ, կորոնավիրուսը թելադրեց իր կանոնները: Դիզայներները հիմա ավելի շատ ամենօրյա հագուստ են վաճառում, քան կուտյուր, որովհետեւ այժմ չկան հատուկ միջոցառումներ, եւ նորաձեւությունն ավելի հասանելի է դարձել այն շերտերին, որոնք կարող են իրենց թույլ տալ կրել ամենօրյա էքսքլյուզիվ հագուստ»:

Ինչ վերաբերում է իր բրենդին` Մանուկը նշում է` շնորհիվ հավատարիմ հաճախորդների ու ընկերների` շարունակում են աշխատել նույն ոգով` չգրանցելով կորուստներ.

«Կորոնավիրուսը, փառք Աստծո, ինձ վրա մեծ ազդեցություն չի ունեցել, որովհետեւ մեր հաճախորդները շարունակում են լինել իմ կողքին, գնումներ են կատարում` որպես աջակցություն, որպեսզի բրենդը չտուժի: Իսկ այն միջոցառումները, որոնք պիտի կայանային, ոչ թե չեղարկվել են, այլ տեղափոխվել այլ օրերի: Մենք աշխատում ենք բնականոն հունով ու փորձում ամեն ինչ անել, որ նվազում չունենանք վաճառքի առումով: Ժամանակը ցույց կտա, որ ոլորտում մնալու են այն դիզայներները, որոնք լավագույնն են»:

Շատ դիզայներներ այս օրերին փորձեցին արտադրել սեզոնի ամնապահանջված «աքսեսուարը»` պաշտպանիչ դիմակներ, սակայն Մանուկը չի ողջունում դրանք վաճառելու գաղափարը.

«Ես դիմակներ չեմ արտադրել ու չեմ էլ պատրաստվում: Մենք փորձնական երկու դիմակ էինք արտադրել ու դրանք նվիրել հաճախորդներին, բայց կարծում եմ` այս պայմաններում, երբ մարդիկ դիմակի գումար չունեն, դիզայներների կողմից անթույլատրելի է դիմակ վաճառելը»:

Անդրադառնալով համաշխարհային նորաձեւության միտումներին` դիզայները նշեց.

«Նորաձեւության մեջ ոչինչ չի փոխվել, եւ այն ամեն սեզոնին ունի իր հստակ կանոնները: Այն ավելի է երիտասարդացել: Եթե ժամանակին նորաձեւությունը թելադրում էին 30-ից բարձր աղջիկներն ու կանայք, այս տարի այդ դերը ստանձնել են TikTok-ից եւ Instagram-ից հայտնի բլոգերները: Ճիշտ է` ցավալի է, որ Հայաստանում բլոգերներից շատ քչերն են նախընտրում հայ դիզայներների հագուստները, բայց կարծում եմ` այս տարի նորաձեւությունը մեծ պրոգրես կունենա նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է թրենդներին`շատ նորաձեւ են 80-ականները հիշեցնող գույներն ու պրինտները»:

Այնուամենայնիվ, Մանուկը խոստովանեց, որ կորոնավիրուսը որոշ չափով խախտել է նաեւ իր ծրագրերը: Դիզայներն ամիսներ առաջ պետք է թողարկեր նոր հավաքածու, սակայն ցուցադրությունը հայտնի պատճառներով չկայացավ.

«Իմ «СССР» հավաքածուի ցուցադրությունը պետք է լիներ մարտի 20-ին, բայց քանի որ այս համաճարկն ի հայտ եկավ, այժմ պետք է սպասենք իրավիճակի կայունացմանը, որպեսզի իրագործենք ցուցադրությունը»,-ասաց նա` խոսելով նաեւ օնլայն ցուցադրությունների գաղափարի մասին.

«Ինքս էլ մտածել եմ օնլայն ցուցադրության մասին, բայց կարծում եմ` դա արդեն կլինի իմ Christmas հավաքածուի դեպքում: Իհարկե, սա հրաշալի հնարավորություն է, բայց պետք է չմոռանալ, որ հայ ինվեստրները սիրում են ներկա լինել ցուցադրությանն ու հետեւել շոուին: Ամեն դեպքում, հետագայում կարելի է մտածել նաեւ օնլայն ցուցադրությունների մասին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Մանուկ Ալքսանյանը



© NEWS.am STYLE