«Հաջորդ փուլն ավելի բարդ է լինելու». 13-ամյա Աննա Գրիգորյանը գերել է հոլանդական We Want More մրցույթի ժյուրիին (վիդեո)

17:23   11 հուլիսի, 2020

Հայուհի Աննա Գրիգորյանը, որը 2017-ին ճանաչում ձեռք բերեց հոլանդական The Voice Kids նախագծում փայլուն մասնակցության շնորհիվ, նոր հաջողություն է գրանցել մեկ այլ հոլանդական նախագծում: 13-ամյա երգչուհին այժմ մասնակցում է We Want More մրցույթին, որի առաջին փուլում կրկին գրավել է հոլանդացի աստղերի ուշադրությունը` 5 ժյուրիի անդամներից 4-ի կողմից ստանալով «այո» ու անցնելով հաջորդ փուլ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աննան կիսվել է իր հերթական հաղթանակով:

«Մասնակցելու առաջարկը հենց նախագծի կազմակերպիչներից եմ ստացել: Որոշեցի մասնակցել, հատկապես, երբ իմացա, որ տվյալ նախագծի ժյուրիի կազմում է նաեւ The Voice Kids-ի իմ մարզիչը` Ali B-ն»,-ասում է նա:

Աննան առաջին փուլում կատարել է Արիանա Գրանդեի One Last Time երգը: Այժմ պատրաստվում է հաջորդ փուլին, որը նրա խոսքով` ավելի բարդ է լինելու.

«Այս նախագիծը բավական բարդ է եւ իմ մասնակցած մյուս մրցույթներից տարբերվում է նրանով, որ այստեղ հանդես են գալիս տարիքային տարբեր խմբերի կատարողներ, խմբեր ու դուետներ: Հաջորդ փուլը հաղթահարելն ավելի դժվար է լինելու, քանի որ ժյուրիի հիմնական կազմին միանալու է եւս 25 անդամ, որոնք պետք է գնահատեն մեր ելույթները, եւ նրանցից է կախված եզրափակիչ անցնելու իմ հնարավորությունը: Հուսով եմ` այդ փուլը եւս կկարողանամ հաղթահարել»:

Երգչուհին խոստովանում է` The Voice Kids-ին մասնակցությունը ոչ միայն բարձրացրել է ինքնավստահությունը, այլեւ իր առջեւ նոր դռներ է բացել, ինչը հույս ունի շարունակել նաեւ We Want More նախագծից հետո.

«The Voice Kids-ին մասնակցելուց հետո տարբեր համերգներին երգելու առաջարկներ եմ ստացել, ելույթ եմ ունեցել ավելի, քան 20 հազար հանդիսատեսի առջեւ, ինչպես նաեւ ստացել եմ հրավեր երգելու Հոլանդիայի թագուհու միջոցառմանը, իսկ վերջերս թողարկել եմ իմ առաջին տեսահոլովակը»,-պատմում է երգչուհին` հավելելով, որ երազում է միջազգային բեմերի ու հայտնի արտիստների հետ ելույթների մասին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Աննա Գրիգորյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE