Քեթի Փերին մեկնաբանել է Քանյե Ուեսթի առաջադրումն ԱՄՆ նախագահի պաշտոնում

14:11   13 հուլիսի, 2020

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին մեկնաբանել է ռեփեր Քանյե Ուեսթի՝ Քիմ Քարդաշյանի ամուսնու՝ նախագահ դառնալու նկրտումները, հայտնում է The Billboard-ը։ Երգչուհին, ակնհայտորեն, հիացած չէ Սպիտակ տունը գլխավորելու երաժիշտի գաղափարով։

Նա խոստովանել է, որ նախընտրում է ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել փորձառու մարդու՝ հավելելով, որ «ամերիկացիներն արդեն տեսել են ու հասկացել, թե ինչ է տեղի ունենում, երբ պաշտոնը զբաղեցնում է ոչ պրոֆեսիոնալը»։ «Ես սիրում եմ Քանյեին։ Նա հիանալի է։ Գիտեք՝ ես պարզապես նրան սիրում եմ որպես արտիստ»,- հայտարարել է երգչուհին։

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուեսթը դեմոկրատ Ջո Բայդենից հեշտությամբ կխլի թխամորթ ամերիկացիների ձայները, որն, ըստ նրա, թխամորթ բնակչության համար ոչ մի լավ բան չի արել։ Միեւնույն ժամանակ Ուեսթը Թրամփին աջակցել է 2016թ.-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հտո։ Նա մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահի հետ եւ տեսախցիկների առաջ հայտնվել «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» գրությամբ գլխարկով։  

Տաս օր առաջ Քիմ Քարդաշյանի ամուսինը հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նա նշել է, որ «հանում է կարմիր գլխարկն» ու այլեւս չի աջակցում Թրամփին, որն, ամեն դեպքում, հույս է հայտնել, որ երաժիշտը սպասվող ընտրությունների ընթացքում կաջակցի իրեն։

 Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Billboard, Capital FM



© NEWS.am STYLE