«Ոսկե ծիրանի» նախաձեռնությամբ` Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի անուններով աստղեր են տեղադրվել Ազնավուրի հրապարակում (ֆոտո/վիդեո)

16:05   13 հուլիսի, 2020

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվել են արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանի եւ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։

«Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրան»-ը բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,-աստղերի բացման արարողությանը նշել է «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ առանձնահատուկ կարեւորելով երկու գործիչների անցած ուղին եւ հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։

ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծել է, որ «Ոսկե ծիրան»-ի նման բացումն աննախադեպ է՝ պայմանավորված վիրուսային վիճակով։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին, որովհետեւ նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որեւէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարեւորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը թեկուզ եւ մեկ տարով»,-ասաց նա՝ իր խոսքում անդրադառնալով նաեւ երկու մեծերի՝ Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի ավանդին հայ կինոյում։

Արարողությանը ելույթ ունեցան Հրանտ Մաթեւոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։

Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։



© NEWS.am STYLE