«Անիծված» սերիալ. «Երգչախմբի» աստղի մահը երկրպագուներին հիշեցրել է չար բախտի մասին

12:36   15 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի ողբերգական մահն առեղծվածային են անվանում. նա «Երգչախումբ» սերիալում խաղացել է Սանտա Լոպեսի կերպարը։ Դերասանուհին նախագծի արդեն երրորդ աստղն է, որը մահացել է մինչեւ 40 տարեկան դառնալը։

Նայայի մարմինը հայտնաբերել են նրա գործընկերոջ՝ դերասան Քորի Մոնթեյթի մահվան յոթերորդ տարելիցին. նա սերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսին։ Նրա մարմինը 2013թ.-ի հուլիսի 13-ին հայտնաբերել են Վանկուվերի հյուրանոցում։ Մոնթեյթի արյան մեջ ալկոհոլի ու հերոինի մահացու խառնուրդ են հայտնաբերել։ Դերասանը սկսել է թմրամիջոցներ օգտագործել դեռ պատանեկության տարիներին եւ երկար տարիներ պայքարել է կախվածության դեմ։ Մահվանից երեք ամիս առաջ նա կրկին օգնության է դիմել։

2018թ.-ի հունվարին 35 տարեկանում մահացել է Մարկ Սալինգը. նա ինքնասպանության է գործել։ 2015թ.-ի դեկտեմբերին դերասանին ձերբակալել են մանկական պոռնոգրադիա պահելու մեղարանքով։  Նա 2017թ.-ի աշնանն իրեն մեղավոր է ճանաչել, Սալինգի նկատմամբ պատիժ պետք է նշանակվեր 2018թ.-ի մարտին. նրան չորսից յոթ տարվա ազատազրկում էր սպառնում։ 2007-2010թթ. Սալինգը հանդիպել է Նայա Ռիվերայի հետ։

«Երգչախմբի»  «անեծքի» մասին հրապարակումների ֆոնին Twitter-ում ու լրատվամիջոցներն, այդ թվում EW-ն հարց են հնչեցնում, թե որքանով է արդարարացի խոսել արտաքին ուժերի միջամտության մասին։ IMDB-ի տվյալներով՝ սերիալի դերասանական կազմում ներառված է եղել ավելի քան հազար մարդ, իսկ դրա սկսվելուց 11 տարի է անցել։ Այդ պատճառով դժբախտությունները, որոնք բաժին են ընկել շոուի մասնակիցներին, պետք է դիտարկել «ոչ թե որպես դիվական միջամտության արդունք, այլ մաթեմատիկական պատահականություն»։

 



© NEWS.am STYLE