Անկայուն իրավիճակ եւ փոքրաթիվ հայ համայնք. Լիբանանի հայկական թատրոնի հիմնական խնդիրները

14:21   27 օգոստոսի, 2013

Երկրում անկայուն իրավիճակը եւ փոքրաթիվ հայ համայնքը Լիբանանի հայկական թատրոնի հիմնական խնդիրներն են: Այս մասին օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Առաքելյանը:

Նրա խոսքով, մինչեւ 1990-ականներն ապրել է Հայաստանում, եւ միայն 1993 թվականին է փոխադրվել Լիբանան, որտեղ էլ հիմնել է հայկական մի շարք թատերախմբեր, այդ թվում՝ Վահրամ Փափազյանի անվան թատերախումբը: Վերջինի հետ բազմիցս համագործակցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: «Ժամանակի ընթացքում մենք հիմնեցինք «Լորիկ», «Շանթ», «Երազ» թատերախմբերը, որոնք մինչ օրս գործում են եւ բեմադրություններով ներկայանում են Հայաստանում, Սիրիայում, Կիպրոսում»,- պատմեց Ռ.Առաքելյանը:

Ընդգծելով, որ չի հիշում ներկայացում, որի ժամանակ դահլիճը դատարկ լիներ, ռեժիսորը, միաժամանակ, ընդգծում է, որ Լիբանանի հայ համայնքը փոքրաթիվ է: Բացի այդ, նրա խոսքով, թատերախմբերը ստիպված են լինում աշխատել երկրում ծայրահեղ անկայունության պայմաններում. «Լիբանանում արտագաղթ չկա: Հակառակը, Սիրիայից հայ բնակչության որոշ հոսք կա, որոնց թվում բազմաթիվ տաղանդավոր արտիստներ կան, սակայն նրանք նույնպես փոքրաթիվ են»,- ընդգծեց բանախոսը:

Ռոբերտ Առաքելյանը նշեց, որ հայ համայնքի փոքր թվի պատճառով յուրաքանչյուր ներկայացում բեմադրում են առավելագույնը 6-7 անգամ: Նա նաեւ հավելեց, որ եթե Երեւանը ճանաչված է ժանրային տարբեր ուղղություններով՝ մնջախաղ, դրամա, երաժշտական կոմեդիա, ապա Լիբանանի հայկական թատերախմբերը ստիպված են համադրել այդ ամենը:



© NEWS.am STYLE