«Հեքիաթի ակնկալիքով սպասում էի այդ օրվան». «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանի նշանադրության մանրամասներն ու լուսանկարները

11:05   21 հուլիսի, 2020

«Կյանք ու կռիվ» ֆիլմում Սոֆիին մարմնավորող դերասանուհի եւ ֆոտոմոդել Էլեն Սարգսյանը հուլիսի 14-ին նշանադրվել է սիրելիի՝ Վահան Մարտիրոսյանի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլենը ներկայացրել է հատուկ օրվա մանրամասներն, ինչպես նաեւ՝ տրամադրել արարողությունից կադրեր:

Էլենն ու Վահանը ծանոթացել են աշխատանքի բերումով (դերասանուհին աշխատում է բանկերից մեկում):

«Մեր նշանադրությունը տեղի է ունեցել ընտանեկան միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, այնպես էլ ես, հետաքրքիր զգացումներով, հեքիաթի ակնկալիքով սպասում էի այդ օրվան, եւ հեքիաթն իրականացավ։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ջերմ եւ իսկական»,-պատմում է նա:

Դերասանուհին նշում է՝ իր կյանքում հիմա յուրահատուկ էտապ է.

«Բացի անձնական կյանքի փոփոխություններից՝ տարված եմ իմ սիրելի աշխատանքով, վարում եմ իմ մասնավոր աշխատանքային գործունեությունը, ինչպես նաեւ՝ հորիզոնում կան նոր նախաձեռնություններ, որոնք դեռեւս քննարկման փուլում են»:

Ինչ վերաբերում է դերասանական կարիերային` Էլենն այդ ոլորտում իր գործունեությանը մոտենում է` որպես հոբբիի.

«Ես՝ ինքս, իմ ֆոտոմոդելային եւ դերասանական գործունեությունը չեմ դիտարկում որպես կարիերա, ունեմ այլ մասնագիտություն, եւ իմ բոլոր նկարահանումներին մոտեցել եմ խիստ ընտրողաբար, սակայն միշտ աշխատել եմ շատ մեծ բավականությամբ եւ պատասխանատվությամբ, շփվել եւ աշխատել եմ պրոֆեսիոնալների հետ, ձեռք եմ բերել փորձ եւ լավ ընկերներ»,-ասում է նա՝ հավելելով, որ սիրով ապրելն, առհասարակ, ավելի հեշտ է.

«Մենք մաղթում ենք բոլորին լինել սիրահարված՝ իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին․․․այդպես ապրելը շատ ավելի հեշտ է»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE