Աշխարհի գեղեցկուհիները` հանուն Հայաստանի. Դայանա Դավթյանի նախաձեռնությամբ` «Միսս Տիեզերք 2019»-ի մասնակիցները հանդես են եկել Հայաստանին աջակցող կոչերով (ֆոտո)

16:21   23 հուլիսի, 2020

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի նախաձեռնությամբ` «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակից մի քանի երկրների գեղեցկուհիներ հանդես են եկել Հայաստանի սահմանին ադրբեջանական հարձակումների դեմ կոչերով: Սալվադորի, Նիգերիայի, Բուլղարիայի, Գուամի, Արգենտինայի, Տանզանիայի, Շվեդիայի եւ Հոնդուրասի ներկայացուցիչներն իրենց սոցիալական կայքերի էջերում տեղադրել են լուսանկարներ` «Աջակցում եմ Հայաստանին»/Support Armenia հեշթեգերով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանա Դավթյանը պատմեց նախաձեռնության մասին, ինչպես նաեւ՝ կարեւորեց աշխարհի մի շարք երկրների գեղեցկուհիների նման աջակցությունը, հատկապես, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մեծ քանակությամբ հետեւորդներ, ինչն ըստ հայ գեղեցկուհու` եւս կնպաստի Հայաստանի հաղորդագրությունն աշխարհին ներկայացնելու հարցում:

«Վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայից ազդված՝ ցանկանում էի միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել այս երեւույթի կողմ` դրանով իսկ տեղեկացնելով տասնամյակներ ձգվող կոնֆլիկտի մասին: Չէ՞ որ, շատ երկրներ տեղեկություն չունեն Հայաստանի, Արցախի եւ մեր սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարծում եմ՝ հանդիսանալով «Միսս Տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչը՝ կարող եմ մյուս մասնակից աղջիկների օգնությամբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել մեր խնդրի վրա»,-ասում է Դայանան ու հավելում,-«Ցանկություն ունենալով քաջալերել մեր ժողովրդին ու մեր զինվորներին այսօրվա բարդ իրավիճակում` երկար մտածում էի, թե ինչով ինքս կարող եմ աջակցել նրանց:

Որոշեցի նախաձեռնել ակցիա` նրանց սատարելու համար: Գիտակցում էի, որ ամենակարեւորը հոգեւոր աջակցությունն է, ինչը թույլ չի տա մեր հայրենակիցներին եւ զինվորներին կորցնել վստահությունը եւ հաղթական ոգին: Կոչ արեցի «Միսս Տիեզերք 2019» մրցույթի մասնակիցներին այս դժվարին պահին իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանին, հայ ժողովրդին եւ հայ զինվորներին` լուսանկարվելով #SupportArmenia (Աջակցում եմ Հայաստանին) հեշթագով եւ տեղադրելով այդ լուսանկարները սոցիալական կայքերի իրենց էջերում: Բոլոր աղջիկները հանդիսանում են ներկայիս իրենց երկրների գլխավոր գեղեցկության տիտղոսակիրները, եւ իրենց սոց կայքերում ունեն շատ մեծ լսարան` ընդհուպ մինչեւ 1 միլիոն հետեւորդ»,-ասում է Դայանան:

Նա ընդգծեց, որ խնդրանք-նամակով դիմել է, գրեթե, բոլոր մասնակիցներին.

««Միսս Տիեզերք 2019» մրցույթի ընթքացքում, որը կայացավ անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում, մենք շատ ընկերացել էինք եւ անտարբեր չէինք մեկս մյուսին անհանգստացնող որեւէ հարցի շուրջ: Չնայած, որ գեղեցկության մրցույթների գաղափարախոսությունները չպետք է առնչվեն քաղաքական թեմաների հետ, այնուամենայնիվ, դրանք կարող են կոչ հանդիսանալ ագրեսիայի, բռնության եւ պատերազմների դեմ:

Որոշեցի իրականացնել հետեւյալ նախաձեռնությունը. դիմեցի աղջիկներին նամակով` հակիրճ ներկայացնելով մեր երկրի իրավիճակը` հարեւան երկրի կողմից ագրեսիայի զոհ դառնալու հետեւանքով: Տեղեկացրի մեր ազատատենչ բանակի եւ խաղաղ բնակչության մասին` կոչ անելով սատարել մեզ: Ոմանք արդեն տեղյակ էին մեր երկրի իրավիճակից, սակայն մեծամասնությունը տեղեկացան իմ նամակով: Հասկանում եմ այն տիտղոսակիր գեղեցկուհիների տեսակետը, որոնք չեն ուզում հակամարտող երկու երկրներից մեկի կողմը բռնել, կամ խառնվել քաղաքական հարցերին, սակայն նրանք, ովքեր արձագանքել եւ դեռ շարունակում են արձագանքել, կարծում եմ` մեծ հոգեբանական աջակցություն են ցույց տալիս մեր հայրենակիցներին եւ զինվորներին: Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է գեղեցկության, բարության եւ խաղաղության դեսպան իր երկրում եւ ողջ աշխարհում: Նրանց կարծիքն ու խոսքը կարեւորվում է, գնահատվում եւ արագ արձագանք ստանում ողջ աշխարհի հասարակության կողմից»,-նշեց Դայանան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE