Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը ընտանեկան գաղտնիքներ են բացահայտել

13:05   28 օգոստոսի, 2013

Ճանաչված շոումեն Գարիկ Մարտիրոսյանը պատմել է իր երեխաների մասին: Այսպես. պարզվում է՝ նա ակտիվորեն մասնակցում է որդու՝ Դանիելի եւ դստեր՝ Ժասմինի դաստիարակությանը: Ընդ որում, տղան գերակտիվ երեխա է, ինչպիսին ժամանակին Գարիկն ինքն էր: Իսկ ահա Ժասմինը եղբոր կատարյալ հակադրությունն է: Նա հանգիստ ու խելամիտ է, անմիջապես հաշվի է առնում այն ամենը, ինչ ասում են ծնողները:

 

Սակայն Գարիկի կինը՝ Ժաննան, մեծ գաղտնիք է բացահայտել. երեխաները հորը չեն լսում: «Գարիկը փորձում է խիստ լինել, բայց բոլորովին չի ստացվում: Իհարկե, նա այդ մասին չի էլ կասկածում: Ամուսնուս թվում է, որ շատ խիստ դաստիարակ է, բայց իրականում շատ բարի է ու քնքուշ: Մեր ընտանիքում երեխաներին կարգի հրավիրող չար ոստիկանը ես եմ: Երբ լուրջ գործողություն է հարկավոր, ես եմ գործի անցնում: Օրինակ՝ Ժասմինին օգնում եմ տնային առաջադրանքները կատարել: Մեր դուստրը շուտով երրորդ դասարան կգնա, բայց արդեն բավական շատ են հանձնարարում»,- «7 дней»-ին տված հարցազրույցում պատմել է շոումենի կինը:

 

Բացի այդ, պարզվում է, որ ամուսինները երազում են առանձնատան մասին. «Ժաննայի հետ այդ մասին վաղուց ենք երազում: Ընդ որում, ես երազում եմ, իսկ նա իրականություն է դարձնելու: Ընդհանրապես, մեր ընտանիքում «իսկական տղամարդ» կոչմանը, թերեւս, կինս է արժանի: Որովհետեւ նա որդի է ծնել, իսկ առաջիկայում ծառ է տնկելու եւ տուն է կառուցելու Մերձմոսկովյան շրջանում»,- պատմել է Գարիկը, իսկ Ժաննան հավելել. «Այո, ես այն իմ երազներում նկարել եմ բոլոր մանրամասներով. հատակից մինչեւ առաստաղ հասնող պատուհաններ, բուխարի: Գարիկի համար՝ դաշնամուր, ինձ համար՝ հսկայական զգեստապահարան, որտեղ կտեղավորվեն բոլոր հագուստներս: Եվ անպայման մեծ, լուսավոր ճաշասենյակ, որտեղ երեկոները մեր ընտանիքը կհավաքվի, իսկ հանգստյան օրերին՝ ընկերները: Մնում է միայն այս ամենը կյանքի կոչել»:

Լուսանկարները՝ Ելենա Սուխովայի



© NEWS.am STYLE