«Ադրբեջանցիներն ասում են, որ հայերն իրենց թշնամիներն են». հայտնի աճպարար Հմայակ Հակոբյանը հայտնել է, թե ինչու է անհետացել էկրաններից

10:11   24 հուլիսի, 2020

Աճպարար, դերասան Հմայակ Հակոբյանը գրեթե չի հայտնվում հեռուստաէկրաններին եւ ժամանակի մեծ մասը վայելում է հպարտ միայնության պայմաններում։ 63-ամյա լեգենդար արտիստը «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում պատմել է պատճառների մասին…

«Վրացիներն ասում են, որ Ռուսաստանը մեր թշնամին է։ Ադրբեջանցիներն ասում են, որ հայերն իրենց թշնամիներն են։ Որքան ծանր է ինձ՝ խորհրդային մարդուս համար լսել դա, որին ծափահարել են, չեմ վախենա այդ բառից, Մուամար Քադաֆին, Մայքլ Ջեքսոնը… Ինձ համար ցավալի է տեսնել ու լսել այդ ամենը, իսկ դուք հարցնում եք, թե ինչու ես չեմ երեւում հեռուստաէկրաններին։ Իսկ ինչո՞ւ հայտնվեմ։ Այո՛, ամեն օր փողոցում ինձ մարդիկ են կանգնեցնում, այնպիսի բառեր են ասում, որոնցից աչքերում արցունքներ են հայտնվում։ «Դուք մեր մանկության կուռքն եք, շնորհակալություն մեր երջանիկ հիշողություններ համար»»,- նշում է Հակոբյանը։

Ընդ որում, Հմայակ Հակոբյանը հրաժարվում է նաեւ ֆիլմերում նկարահանվելուց՝ առաջարկները ցածր համարելով։ Խորհրդային տարիներին կուռք դարձած արտիստը ժամանակին նկարահանվել է 35 ժապավենում, որոնցից շատերը սիրվել են միլիոնավոր հանդիսատեսի կողմից։ Արտիստը խոստովանում է՝ այդ հարցում միշտ առաջնորդվել է լեգենդար դերասանուհու սկզբունքներով. «Ինչպես ասում էր Ֆաինա Գեորգիեւնա Ռանեւսկայան, վատ ֆիլմում նկարահանվելը նույնն է, ինչ թքել հավերժության մեջ»։

«Ֆիլմերը, որոնք ինձ առաջարկում են, կարելի է լավագույն դեպքում նայել բանտերում ու ինքնաթիռներում եւ այն պատճառով, որ այնտեղից հնարավոր չէ փախչել։ Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ինձ, ինչպես եւ շատ այլ արտիստների, սկանդալային շոուների են կանչում։ «НТВ»-ի լրագրողները մշտապես զանգում են. «Դուք վաղուց չեք երեւում, եկեք, մեր հեղինակներն այնպիսի մի բան մտածեն, ամբողջ երկիրը ցնցենք»։ Ես հեռախոսի մոտ կորցնում եմ գիտակցությունս։ Ամենն, ինչ ինձ առաջարկում են, պարզապես խայտառակություն է»,- եզրափակում է արտիստը։

Աղբյուրը՝ «Սոբեսեդնիկ», «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE