ԱՄՆ-ում մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի առաջին հաղորդավարը

11:02   26 հուլիսի, 2020

ԱՄՆ-ում 88 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հեռուստահաղորդավար եւ դերասան, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի առաջին հաղորդավար Ռեջիս Ֆիլբինը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Հաղորդավարի հարազատների խոսքով՝ Ֆիլբինը մահացել է հուլիսի 26-ի գիշերը՝ իր 89-րդ տարեդարձից մեկ ամիս առաջ: Նրա ընտանիքին արդեն ցավակցություն է հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, որն անձամբ ծանոթ էր դերասանի հետ։

Ռեջիս Ֆիլբին եղել է ԱՄՆ-ի բազմաթիվ հայտնի հեռուստատեսային շոուների վարող։ Նա նաեւ երկար ժամանակ վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ շոուն, որը երկրում հայտնվել է 1999 թվականին։

Ընդհանուր առմամբ Ֆիլբինն ամերիկյան հեռուստատեսության եթերում ավելի քան 17 հազար ժամ է անցկացրել: Այս նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Հաղորդավարի հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ։



© NEWS.am STYLE