Հայկո-Մկո սիրված դուետը փլուզվել է. Հովհաննես Ազոյանն ու Մկրտիչ Արզումանյանը նոր դուետ կկազմեն

19:15   28 օգոստոսի, 2013

Վերջերս հայտնի դարձավ «Արմենիա TV» հեռուստաալիքով հեռարձակվող, շատերի կողմից սիրված «Կարգին» հումորային նախագծի Հայկո-Մկո դուետի փլուզման մասին:

«Այո՛, այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը»,- NEWS.am STYLE-ի լրագրողի հետ զրույցում հաստատեց Հայկոն՝ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, «Կարգին» հաղորդումը կշարունակի գործել նախկին ձեւաչափով, բայց նոր անվանումով, որը դեռեւս ընտրված չէ: Միայն թե ո՛չ Հայկոն, ո՛չ էլ Մկոն նախագծում այլեւս հանդես չեն գա: Հայկոն կլինի նախագծի պրոդյուսերն ու սցենարիստների խմբի ղեկավարը, իսկ Մկոն հանդես կգա մեկ այլ նախագծում:

Դերասանական կազմը կհամալրվի երկու նոր երիտասարդ դերասաններով՝ Ռաֆոյով եւ Անդոյով, ովքեր, Հայկոյի կարծիքով, նոր շունչ կհաղորդեն նախագծին:

Իր հերթին ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց, որ շուտով հանդես կգա նոր հումորային նախագծում Կարգին Մկոյի՝ Մկրտիչ Արզումանյանի հետ:

«Նոր հումորային նախագիծ է լինելու Մկրտիչ Արզումանյանի հետ: Անվանում դեռեւս չկա: Հաղորդումը կհեռարձակվի մեկ ամսից»,- հայտնեց Հովոն:

Ի տարբերություն Հովոյի եւ Հայկոյի՝ Մկրտիչ Արզումանյանը հրաժարվեց մեկնաբանել Հայկո-Մկո դուետի փլուզման պատճառները, ինչպես նաեւ նոր նախագծում իր մասնակցությունը՝ պարզապես ասելով, որ այդպիսի որոշում է կայացրել: 



© NEWS.am STYLE