Հայկական նորաձեւությունը Covid 19-ի մարտահրավերներին ընդառաջ

15:31   27 հուլիսի, 2020

Նորաձևությունը քովիդյան ճգնաժամի արդյունքում տնտեսության ամենից շատ տուժած ոլորտներից է աշխարհում։ Fashion Consulting Group ընկերության տվյալներով՝ 2020թ-ի հունվար-ապրիլ ամիսներին նորաձևության ոլորտում գործող ընկերությունների միջին շուկայական արժեքը նվազել է 40%-ով։ Սբերբանկի տվյալներով՝ Ռուսաստանում առևտրի կենտրոններն արդեն կորցրել են մինչև 90% եկամուտ։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում ռուսաստանյան հայտնի Fashion Consulting Group ընկերության համահիմնադիր ու կոմերցիոն տնօրեն, Առևտրի միջազգային կենտրոնի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդատու Անուշ Գասպարյանը խմբային և անհատական առցանց խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 20 փոքր և միջին տեղական ձեռնարկությունների, որոնք ձգտում են բարելավել իրենց մրցունակությունը և դուրս գալ միջազգային շուկա։ Սեմինարը կազմակերպվել էր Առևտրի միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից։

«Հայաստանը մշտապես առանձնացել է տեղական որակյալ հագուստով ու կոշկեղենով։ Տեղական արտադրողները ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում մրցունակ լինելու զգալի ներուժ ունեն, ինչը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գրագետ մշակված բիզնես, այդ թվում և մարքեթինգային ռազմավարություն»,-նշում է Անուշը:

Վեցօրյա սեմինարի շրջանակում միջազգային փորձագետն օգնեց մասնակիցներին ավելի խորը հասկանալ իրենց բիզնեսների առջև ծառացած խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին գնային սեգմենտավորմանը, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործմանը, արտահանմանը և Covid-19 համավարակի արդյունքում առաջացած տնտեսական մարտահրավերներին։

«Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ընկերություն պետք է կարողանա խաղալ տվյալ շուկայի կանոններով, ինչը ենթադրում է մրցակցային դաշտում սեփական դիրքի մասին հստակ պատկերացում ունենալ, պոտենցիալ պատվիրատուին կամ գնորդին թիրախավորելու և գրագետ գնային քաղաքականություն վարելու հմտություններ։ Չափազանց կարևոր է նաև սեփական ծառայությունները գրագետ կերպով ներկայացնել ու չվախենալ ագրեսիվ մարքեթինգային ռազմավարություն վարելուց»,-ասում է միջազգային փորձագետը։

Արտահանման պատրաստվող ընկերություններին Անուշը խորհուրդ է տալիս առաջին հերթին մանրամասն ուսումնասիրել արտահանման շուկան և մրցակցային դաշտը։

«Շատ տեղական ընկերություններ դիտարկում են Ռուսաստանը որպես առաջնային արտահանման շուկա։ Նրանք պետք է գիտակցեն, որ բրենդերի հագեցվածությամբ Ռուսաստանը Եվրոպայում երկրորդն է Միացյալ Թագավորությունից հետո, և այստեղ մրցունակ պրոդուկտ առաջարկելը չափազանց կարևոր է»,- նշեց նա։

Քովիդ-19-ը խախտել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ձեռնարկությունների պլանները, ինչի արդյունքում բազում պատվերներ սառեցվել են: 2020թ-ն ապացուցեց, որ քովիդյան ճգնաժամին կարողացել են դիմակայել միայն այն ընկերությունները, որոնք օֆլայն միջոցներին զուգահեռ կիրառում էին նաև հաղորդակցության թվային լուծումներ՝ ավելացված ու վիրտուալ իրականություն, հաճախորդների սպասարկման ավտոմատացված համակարգեր, խաղաֆիկացում, ինֆլուենսեր մարքեթինգ և այլն։ Collective Bias գործակալության հարցման արդյունքում պարզ է դարձել, որ գնորդների 30%-ն ուշադրություն է դարձնում այն ապրանքներին, որոնք գովազդում են ոչ թե ոլորտի առաջատարները, այլ բլոգերները։ 

«Անուշի խորհրդով փորձելու ենք անցնել առցանց հարթակների և մեծամասշտաբ ցուցահանդեսների մասնակցել։ ՄԱԱԶԿ ծրագրի աջակցությամբ արդեն պատրաստվում ենք մասնակցելու առցանց ցուցահանդեսի»,-հավելեց է Տեքսաս ՍՊԸ-ի ադմինիստրատոր Աննա Մուրադյանը։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։



© NEWS.am STYLE