«Երբ սկսեցի սիրել ինձ, բոլոր հնարավորությունները հայտնվեցին ափիս մեջ». մոդել Վինի Հարլոուն նշում է 26-ամյակը

18:04   27 հուլիսի, 2020

Այսօր՝ հուլիսի 27-ին, ծննդյան 26-ամյակն է նշում կանադացի հայտնի մոդել Վինի Հարլոուն, որը հայտնիություն է ձեռք բերել «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» շոուի 21-րդ եթերաշրջանից: Հարլոուն մյուս մասնակիցներից տարբերվեց իր մաշկային յուրահատկությամբ (մոդելն ունի վիտիլիգո), որով էլ գրավեց ոչ միայն հաղորդման հեղինակ եւ վարող Թայրա Բենքսին, այլեւ բարձր նորաձեւության աշխարհին: Այսօր Վինին աշխատում է ամենահայտնի բրենդների հետ: Նա բրազիլացի մոդել Ադրիանա Լիմայի հետ համարվում է Desigual բրենդի դեմքը: Իր հաջողության գրավականը յուրահատուկ մոդելը համարում է սեփական մաշկը սիրելն ու ինքնավստահ լինելը:

Վիտիլիգոյի մասին եւ ոչ միայն՝ մոդելի հայտնի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Տխուր ժամանակ ամենասխալ բանը պարտված նստելն է: Պետք է թափահարես ինքդ քեզ ու ամեն ինչ նորից փորձես»:

«Վիտիլիգոն, պարզապես, յուրահատկություն է, ինչպես օրինակ՝ պեպենները, գանգուր վարսերը, փոքր ականջները եւ այլն: Բոլորն էլ ունեն իրենց յուրահատկությունները»:

«Պարզապես ուզում եմ շեշտել, որ յուրաքանչյուը պետք է հետեւի իր երազանքին՝ անկախ թերություններից եւ անհաջողություններից»:

«Մարդիկ կան, որոնք ունեն սեւ մաշկ, ոմանք ունեն դարչնագույն մաշկ: Ես երկուսն էլ ունեմ»:

«Հասունացման շրջանում ամեն ինչ բարդ դարձավ, քանի որ մարդիկ մեծանալով ավելի դաժան են դառնում: Ես շատ ծաղրանքների միջով եմ անցել. մարդիկ ինձ անվանում էին «զեբր» կամ «կով»: Այդ շրջանում, իսկապես, շատ բարդ էր»:

«Միջնակարգ դպրոցում ամեն ինչ լավ էր, բայց երբ տեղափոխվեցի ավագ դպրոց, այնտեղ ոչ միայն ինձ վերաբերվեցին՝ որպես նոր աշակերտուհու, այլեւ որպես տարբերվող մաշկ ունեցող աղջկա»:

«Երբ սկսեցի սիրել ինձ, բոլոր հնարավորությունները հայտնվեցին ափիս մեջ: Ես շնորհակալ եմ Աստծուն այդ ամենի համար»:

«Ես երբեք խնդիր չեմ ունեցել իմ մաշկի հետ, իմ խնդիրը մարդկանց վերաբերմունքի հետ էր»:

«Ես ստեղծել եմ իմ ինքնավստահությունը՝ չհիմնվելով ուրիշների կարծիքների վրա»:

Լուսանկարները՝ Վինի Հարլոուի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE