Երբ մոդելներն արձաններ են. ուկրաինաբնակ դիզայներ Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուն ու յուրահատուկ ցուցադրությունը (ֆոտո)

16:05   29 հուլիսի, 2020

Ուկրաինաբնակ դիզայներ Հայկ Ավանեսյանը, որը հայտնի է աստղային համագործակցություններով, Կիեւում թողարկել է իր նոր հավաքածուն, որը ոգեշնչված է զինվորական պաշտոնյաների համազգեստներից` կիտելներից: Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` հայազգի դիզայերը որոշել է կրեատիվ լուծում գտնել իր հավաքածուն ցուցադրելու համար` որպես «մոդելներ» ընտրելով արձանների:

«Ես` ինքս, կիտելների մեծ սիրահար եմ եւ արդեն քանի տարի է` ստեղծում եմ նման ոճի պիջակներ: Ըստ իս` կիտելն ունի բնավորություն, պատմություն ու փիլիսոփայություն: Կնոջ ուժն ինձ ոգեշնչեց, որպեսզի ես ստեղծեմ կանացի կիտելներ: Իմ այս հավաքածուն իր մեջ ներառում է ուժի եւ նրբության համադրություն»,-ասում է Հայկը:

Անդրադառնալով իր յուրահատուկ «մոդելներին»` դիզայները նշում է.

«Երկար էի մտածում նոր հավաքածու ներկայացնելու մասին, իսկ այսօրվա իրավիճակը թելադրում է իր կանոններն ու տրամադրությունը: Ահա` մտածեցի իրականացնել մի ֆոտոշարք, որտեղ մոդելները կլինեին արձանների տեսքով` եւ գեղեցիկ է, եւ մեր բրենդի ոճով, եւ իրականացրել ենք քիչ մարդկանց մասնակցությամբ: Լուսանկարիչն էլ ինքս եմ»:

Հիշեցնենք, որ Հայկ Ավանեսյանի հայտնի հաճախորդներից են Վերա Բրեժնեւան, Թինա Քերոլը, Եկատերինա Պոլեխինան, «Կուխնյա» սերիալի աստղ Ելենա Պոդկամինսկայան, «Վիա Գրա» խմբից Էրիկա Գերցեգը եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE