Հայտնի մոդելները մերկացրել են ոչ միայն մարմինը, այլեւ հոգին (ֆոտո)

18:35   29 օգոստոսի, 2013

Սուպերմոդելներ Քեյթ Մոսսի, Լինդա Եվանգելիստայի եւ Նաոմի Քեմփբելի ճանաչվածության գագաթնակետը չնայած 1990-ականներին էր, սակայն այսօր էլ նրանք հրաշալի տեսք ունեն եւ կարող են մրցել ցանկացած երիտասարդ գեղեցկուհու հետ: Mail Online-ի փոխանցմամբ, ամերիկյան Interview ամսագիրն իր նոր համարը նվիրել է 7 հանրահայտ մոդելների՝ Ամբեր Վալետտեին, Քրիսթի Թերլինգթոնին, Դարյա Վերբովային, Քեյթ Մոսսին, Լինդա Եվանգելիստային, Նաոմի Քեմփբելին եւ Ստեֆանի Սեյմուրին:

Անվանի լուսանկարիչներ Մերտ Ալասի եւ Մարկուս Պիգոտտայի խցիկների առջեւ մոդելները կիսամերկ կեցվածք են ընդունել եւ պատմել մոդելային բիզնեսում իրենց առաջին քայլերի մասին:

 

«Երբ ես սկսում էի մոդելային կարիերան, քասթինգի տնօրեններ եւ ոճաբաններ չկային: Մենք անմիջականորեն դիզայներների հետ էինք աշխատում»,- նշել է 43-ամյա Նաոմի Քեմփբելը եւ հավելել. «Այն ժամանակ մենք շատ ավելի մոտ էինք միմյանց, այսպես ասած, ուղղակի կապ ունեինք եւ միասին էլ ժամանակ էինք անցկացնում, երբ անելու բան չէր լինում»:

 

Այն ժամանակ Նաոմին ժամանակ էր անցկացնում նաեւ դիզայներներ Ջաննի Վերսաչեի եւ Ազզեդին Ալայայի հետ: Ի դեպ, վերջինին մինչեւ հիմա «հայրիկ» է կոչում, քանի որ «նա Քեմփբելին իր նորաձեւության տուն է վերցրել 16 տարեկանում եւ նրա մորն ասել, որ այսուհետ հոգ կտանի աղջկա մասին»:

 

Ջաննի Վերսաչեն նույնպես շատ թանկ էր Նաոմիի համար: Ամեն տարի նրա մահվան օրը մոդելը եկեղեցում մոմ է վառում՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է գտնվում:

 

Քեմփբելը նաեւ հայտարարել է, որ միշտ Քեյթ Մոսսին իր կրտսեր քույրն է համարելու: Մոսսն ինքը նշել է, որ եթե Քեմփբելը, Եվանգելիստան եւ Թերլինգթոնն իր կողքին չլինեին, ինքը «դժվարին իրադրության մեջ կհայտնվեր»: «Նրանք իսկապես պաշտպանում էին ինձ»,- ընդգծել է Քեյթը:

 

«Հիշում եմ, թե ինչպես էի գրեթե ձախողում Ջոն Գալյանոյի համար իմ առաջին շոուն, քանի որ կազմակերպիչներից ոչ ոք ինձ չէր ճանաչում եւ տեղյակ չէր, որ պետք է բեմ դուրս գամ: Եվ ահա բոլոր աղջիկները շարվեցին, իսկ ես համեստորեն նստել էի իմ անկյունում, որտեղ տեղավորվել էի վաղ առավոտից, եւ չէի շարժվում: Հանկարծ մոտ վազեց Ստեֆան Մարեն եւ հարցրեց. «Դու շոուին մասնակցո՞ւմ ես»: Պատասխանեցի. «Այո՛: Ես Լոլիտան եմ»: Իսկ նա վրա տվեց. «Աստված իմ… Իսկ ինչո՞ւ ես նստել: Արագ զգեստափոխվիր»: Ես այնտեղ նստել էի առավոտյան 10-ից, իսկ ինձ կարգի բերեցին 10 րոպեում…»,- պատմել է Մոսսը:

 

Լինդա Եվանգելիստան էլ պատմել է Ճապոնիայում կնքած պայմանագրի մասին, որը ծրագրվածի համաձայն չի անցել: «Ես եկա նկարահանումների, եւ ինձ ասացին, որ պետք է մերկ լուսանկարվեմ: Ես պատրաստ չէի իրադարձությունների նման շրջադարձին, որին համաձայնություն չէի տվել: Պարզապես սարսափելի էր: Ես շփոթվեցի: Այդ տհաճ իրավիճակից դուրս գալու հարցում օգնեցին կանադական դեսպանության աշխատակիցները, որոնց ես դիմեցի: Նրանք ինձ օգնեցին Ճապոնիայից տուն վերադառնալ»,- նշել է Լինդան:



© NEWS.am STYLE