Մադոննային հալածել են COVID-19-ի դեմ դեղամիջոցի վերաբերյալ հայտարարության պատճառով

11:06   30 հուլիսի, 2020

Երգչուհի Մադոննան սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել` Instagram-յան էջում տեսանյութ հրապարակելով կորոնավիրուսի դեմ իբրեւ գոյություն ունեցող դեղամիջոցի մասին, հայտնում է The Sun-ը։  

Մադոննան իր էջում տեսագրություն է հրապարակել, որում մարդկանց խումբը, որոնք ներկայանում են որպես բժիշկներ, պնդում էր, որ հիդրոքսիքլորոքսինը, ցինկը եւ ցիտրոմաքսը բուժում են կորոնավիրուսը։ Նրանք նաեւ հայտարարել են, որ պաշտպանիչ դիմակներ կրելու անհրաժեշտություն չկա։

«Ճշմարտությունը բոլորիս ազատ կդարձնի։ Սակայն որոշ մարդիկ չեն ցանկանում լսել ճշմարտությունը։ Հատկապես իշխանության ներկայացուցիչները, որոնք գումար են «սարքում» պատվաստանյութի ձգձգվող որոնումների վրա, որը ապացուցված է եղել ու հասանելի արդեն երկար ամիսներ»,- հրապարակումը մակագրել է Մադոննան։

Արտիստի հրապարակումը գրեթե անմիջապես Instagram-ի ադմինիստրացիայի կողմից նշվել է որպես սուտ եւ վտանգավոր տեղեկատվություն պարունակող, ապա արգելափակվել է։

Մադոննային քննադատել են նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերը։ «Սա խենություն է։ Չեմ կարող հավատալ, որ դու աջակցում ես այս վտանգավոր խաբեբայությանը»,- գրել է «Eurythmics»-ի վոկալիստ Էնի Լոնոքսը։ Նրա հրապարակումն այս պահին ջնջված է։



© NEWS.am STYLE