«Երեկ շոկի մեջ էինք, այսօր մի կերպ ուշքի եկանք». Նառան` Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին

16:37   5 օգոստոսի, 2020

Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով մեծ ավերածություններ ու մարդկային կորուստներ են եղել:  NEWS.am STYLE-ի հետ զրույցում Բեյրութում բնակվող երգչուհի Նառան նշեց, որ ինքն ու ամուսինը լավ են, միայն բնակարանն է վնասվել, իսկ պայթյունի ժամանակ իրենք գտնվել են առեւտրի կենտրոնում, որտեղ եւս զգացել են ցնցումները, բայց չեն հասկացել` ինչ է կատարվել:

«Սարսափելի էր... Տպավորություն էր, թե երկրաշարժ է, մոլի պատուհանները պայթեցին, ամբողջ տարածքը շարժվում էր, չէինք հասկանում` ինչ էր կատարվում: Կարծեցինք` ռումբ էր: Դուրս եկանք, տեսանք ամբողջ քաղաքի պատուհաններն են կոտրված...Հետո եկանք տուն. ամբողջ տունը ապակիների մեջ էր, պատուհաններն ու դռների ապակիներն էին կոտրվել...Իսկապես, սարսափելի էր: Երեկ շոկի մեջ էիք, այսօր մի կերպ ուշքի եկանք»,- պատմեց երգչուհին ու նշեց, որ ինքն ու ամուսինը երեքշաբթի օրն արդեն կլինեն Հայաստանում:

«Գիտե՞ք, տան կրած վնասները կարեւոր էլ չեն, երբ տեսնում ես, թե որքան մարդ է զոհվել ու վնասվել: Փառք Աստծո` մեր հարազատներից բոլորն առողջ են, բայց, իհարկե, ցավով պետք է նշեմ, որ շատ-շատերը մեծ կորուստներ կրեցին...»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE