Louis Vuitton-ի տղամարդկանց հավաքածուների ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոյին կրկին մեղադրել են գրագողության մեջ

14:09   9 օգոստոսի, 2020

Բելգիացի դիզայներ եւ «անտվերպենյան վեցյակի» անդամ Վալտեր Վան Բեյրենդոնքի խոսքով՝ Աբլոն պատճենել է Walter Van Beirendonck-ի արխիվային մոդելները Louis Vuitton գարուն-ամառ 2020/2021 տղամարդկանց հավաքածուում: LV-ի ցուցադրությունը կայացել է օգոստոսի 6-ին՝ Շանհայում։

Եվ այսպես, Louis Vuitton գարուն-ամառ 2020/2021-ի ցուցադրությունից մուլտիպլիկացիոն կերպարները հիշեցնում են Walter Van Beirendonck-ի աշուն-ձմեռ 2016 հավաքածուի մոդելները: Ի թիվս այլ տարրերի նմանություն կա նաեւ աքսեսուարների եւ ուռած բաճկոնների միջեւ։

Բելգիացի դիզայների երկրպագուները գրագողության մեջ Վիրջիլ Աբլոյին մեղադրելու այլ առիթներ եւս գտել են։ Օրինակ, Louis Vuitton-ի ասիմետրիկ արեւային ակնոցները հիշեցնում են Walter Van Beirendonck-ի աշուն-ձմեռ 2018 շոուի ժամանակ ներկայացված մոդելը: «Վերջիլը կրկին դա արեց։ Դա ոչ միայն պատճենահանում է, դա իմ աշխարհի, մտքերի, ծաղիկների, ֆիրմային ձեռագրի, ձեւավորման, կտրվածքի օգտագործում։ Աշխարհի եւ ֆիրմային ձեռագրի, որի վրա ես աշխատել եմ 1985թ․-ից։ Գեղարվեստական տնօրեն լինելու համար նրան հսկայական գումարներ են վճարում, նա հնարավորություն ունի աշխատել ում հետ ասես, նա կարող էր ինձ խնդրել միասին հավաքածու ներկայացնել», - պատմել է Վալտեր Վան Բեյրենդոնքը։

Վիրջիլ Աբլոյին առաջին անգամը չէ, որ մեղադրում են գրագողության մեջ։ Այլ դիզայներների մոդելների հետ նրա աշխատանքների նմանության մասին արդեն բազմիցս հայտարարել են @diet_prada օգտահաշվի սեփականատերերը: Սակայն նա համաձայն չէ մեղադրանքների հետ։

Աղբյուրը՝ Theblueprint.ru



© NEWS.am STYLE