Մեծերի 10 արտահայտություն հույսի մասին

20:41   1 սեպտեմբերի, 2013

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են ծանր շրջան, դժբախտություն, լիարժեք անհուսության պահեր, երբ ամենափոքր լավատեսություն անգամ չի մնում: Հենց նման պահերին մեզանից շատերն ունակ են չմտածված եւ անդառնալի արարքներ կատարել, որոնց համար ավելի ուշ ստիպված ենք լինում ափսոսալ անգամ ավելի, քան մեզ բաժին հասած դժբախտության համար: Երբեմն միակը, որն օգնում է դուրս գալ այդ անդունդից, լավատեսությունն է եւ հիշողությունը, թե ինչպես էր ժամանակին ասել մեծ Սողոմոն իմաստունը. այս էլ կանցնի: Լավատեսությամբ եւ լավագույնի հավատով NEWS.am STYLE-ի թղթակիցը կազմել է մեծ դասականների արտահայտությունների տասնյակն այն մասին, առանց որի մեր գոյությունն անիմաստ է. հույսի մասին:

10-րդ տեղը զբաղեցնում է գերմանական եւ համաշխարհային աշխատավորական շարժման գերմանացի գործիչ, Բուխենվալդի բանտարկյալ Էռնստ Թելմանը՝ հետեւյալ արտահայտությամբ. «Մարդն առանց հույսի նույնն է, ինչ նավն առանց խարսխի»:

9-րդ տեղում 19-20-րդ դ.դ. ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանն է, ով կարծում է, որ անելանելի իրավիճակներ չեն լինում: «Չկա մշուշ, որից որեւէ ելք չլինի: Կարեւորը դիմանալն ու առաջ շարժվելն է»,- ասել է նա:

8-րդ տեղում անգլիացի մեծագույն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն է՝ հետեւյալ արտահայտությամբ. «Հույսը շատ ավելի քիչ է, քան իրականություն դարձած հաճույքը»:

7-րդ հորիզոնականը զբաղեցնում է մեծ դասական, գերմանացի գրող եւ փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, ով անսպասելի արտահայտություն է արել. «Հույսն ապրում է նույնիսկ շիրիմների մոտ»:

 

6-րդ տեղը որոշեցինք շնորհել 20-րդ դարի առաջին կեսի ավստրիացի հայտնի գրող Ստեֆան Ցվեյգին, ով հույսը համարում է դեղամիջոցներից լավագույնը. «Ոչ մի բժիշկ հոգնած մարմնի եւ տանջված հոգու համար չգիտի այնպիսի դեղամիջոցի մասին, ինչպիսին հույսն է»:

5-րդ տեղում իտալական Վերածննդի սյուներից մեկն է՝ նկարիչ, փիլիսոփա եւ գիտնական Լեոնարդո դա Վինչին՝ հետեւյալ արտահայտությամբ. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»:

Իսկ 4-րդ տեղում ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկին է՝ շատերին հայտնի արտահայտությամբ. «Երջանիկ օրերի սպասումը երբեմն այդ նույն օրերից ավելի լավն է լինում»:

 

3-րդ տեղում 18-րդ դարի ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Լյուկ դե Կլապյե Վովենարգն է, ով հույսի մասին հետեւյալն է ասել. «Հույսը միակ բարիքն է, որից անհնար է հագենալ»:

2-րդ տեղում 19-րդ դարի ֆրանսիացի գրող Օկտավ Ֆելյեն է, ով հույսը համեմատել է անվերջության հետ: «Հույսը նման է գիշերային երկնքի. չկա այնպիսի անկյուն, որտեղ համառորեն փնտրող աչքը որեւէ աստղ չբացահայտի»,- ասել է գրողը:

1-ին տեղում հռոմեացի փիլիսոփա Սենեկան է՝ ով պարզ եւ հակիրճ ասել է. «Քանի դեռ մարդը ողջ է, երբեք չպետք է կորցնի հույսը»:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE