Թողարկվել է Ռենատա Լիտվինովայի ֆիլմի թրեյլերը, որի կոստյումների հեղինակը Դեմնա Գվասալիան է

19:21   13 օգոստոսի, 2020

«Sony Pictures Russia» կինոընկերությունը հրապարակել է Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզեր-թրեյլերը. նա ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլեւ սցենարի հեղինակն ու համապրոդյուսերը, ինչպես նաեւ խաղել է դերերից մեկը։

«Հյուսիսային քամին» հեքիաթային դրամա է, որը հիմնված է Լիտվինովայի համանուն ներկայացման վրա, որը 2017թ.-ից ցուցադրվում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Ժապավենը պատմում է կանանց հզոր կլանի մասին, որոնք ղեկավարել են հյուսիսային հողերը։

Ֆիլմում նկարահանվել են Անտոն Շագինը, Սոֆյա Էրնստը, Գալինա Տյունինան, Սվետլանա Խոդչենկովան, Մաքսիմ, Սուխոնովը, Խիբլա Գերզմավան, Նիկտիա Կուկուշկինը եւ այլք, իսկ երաժշտության հեղինակը Զեմֆիրան է։ «Հյուսիսային քամի» ֆիլմում կոստյումների համար պատասխանատուն դիզայներ, Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն, Vetements-ի հիմնադիր ու նախկին ստեղծագործական տնօրեն եւ Ռենատա Լիվնինովայի ընկեր Դեմնա Գվասալիան է։

Ժապավենի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 26-ին, գրում է Esquire-ը։



© NEWS.am STYLE