COVID-19-ը խոչընդոտ չէ. Երեւանում ու Բերդում մասշտաբային կինոփառատոն կանցկացվի

16:06   17 օգոստոսի, 2020

Օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Կազմակերպիչները խոստանում են՝ 11 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները:

Փառատոնի նպատակն է հոգևոր եւ մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, այնուհետեւ համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները:

Փառատոնի երեւանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ը հենց Երեւանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ:

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան եւ ընկերներ:

Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը եւ այլ համամարդկային արժեքներ:



© NEWS.am STYLE