Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. առաջին սեքս եւ բաժանում

23:13   2 սեպտեմբերի, 2013

Ողջո՛ւյն: Վաղուց չէի կարողանում մտքերս հավաքել եւ գրել: Շատ դժվար է, երբ քո ապրումներն ի ցույց են դրվում ամբողջ աշխարհին: Այն ժամանակ ես վստահ էի ինձ, իմ ուժերին: Եվ ոչ մի կերպ չէի սպասում, որ իրականում կսիրահարվեմ:

Ես Հրանտին անկողին տարա: Բառացիորեն: Նրա մեկնելուն 3 օր էր մնացել: Մենք հերթական անգամ զբոսնում էինք երեկոյան Երեւանում: Նա հերթական անգամ առաջարկեց երեկոն ավարտել իր տանը, մեկ շիշ գինիով: Բայց եթե նախկինում երեկոյի ավարտին նա ինձ տուն էր ուղեկցում՝ նույնիսկ չհամբուրելով, այս անգամ ես հուսահատված որոշեցի ինքս առաջին քայլն անել:  

Գինու առաջին շշից հետո ես փոքր-ինչ համարձակություն ստացա: Ուժ հավաքելով՝ խնդրեցի երկրորդն էլ բացել: Իսկ հետո ամեն ինչ կարծես մշուշի մեջ էր: Հետաքրքիր է, որ նրան չկանգնեցրեց նաեւ իմ կուսությունը…

Հիշում եմ նրա շատ մոտ շուրթերը: Ես միայն մի պահ ունեի նրան կանգնեցնելու համար: Բայց այնքան էի ցանկանում նրան համբուրել, որ վանեցի բոլոր կասկածներս: Իսկ նա, բնականաբար, չկորցրեց իրեն:

Գիշերը նրա մոտ չանցկացրեցի: Պատահածից հետո, մինչ նա լոգարանում էր, արագ հագնվեցի ու փախա: Տաքսի վերցրեցի, գնացի տուն եւ փակվեցի իմ սենյակում: Նախապես նաեւ հեռախոսն անջատեցի:

Եթե այս ամենը ոչ թե իրականում, այլ հոլիվուդյան ֆիլմում կատարվեր, նա վաղուց պետք է դուռը կոտրեր եւ մորս հավաստեր, որ անպայման պետք է խոսի ինձ հետ: Բայց արդեն 4 օր է անցել: Նա մեկնեց՝ այդպես էլ չզանգահարելով ինձ:

Հիմա՛ր: Ինչ հիմար եմ ես… Գրեթե մինչեւ 30 տարեկանն ինձ պահպանեցի ամուսնուս համար, որպեսզի այսպես կորցնե՞մ գլուխս:

Այսպես ահա… Ամուսին գտնելու ամբողջ խանդավառությունս կորավ: Չգիտեմ, թե ինչ է լինելու հետագայում:

Լիլիթ



© NEWS.am STYLE