Ավստրալական հեռուտաալիքն այլեւս չի հեռարձակի Էլեն Դեջեներեսի շոուն

17:15   24 օգոստոսի, 2020

Արդեն մի քանի շաբաթ է՝ ընթանում է WarnerMedia-ի հետաքննություն Էլեն Դեջեներեսի շոուի կուլիսների ետեւում բուլինգի, ռասիզմի ու թունավոր մթնոլորտի վերաբերյալ։ «Յուրաքանչուր անգամ մեզ ասում են, որ մենք արժանի չենք այս աշխատանքին, որ մենք պրոֆեսիոնալ ոլորտում ավելի լավ ոչինչ չենք գտնի, քան աշխատանքն Էլենի շոուում»,- նշել է աշխատակիցներից մեկը։ Հետաքննության ընթացքում ղեկավարությունն արդեն իսկ աշխատանքից ազատել է երեք գլխավոր պրոդյուսներերին։

Սակայն շոուի խնդիրներն այդքանով չեն ավարտվել. ավստրալական «Nine» ալիքը դադարեցրել է «The Ellen DeGeneres Show»-ի ցուցադրությունը։ «Nine»-ի ներկայացուցչի խոսքով՝ ցուցադրությունը «ընդմիջվել է»՝ Warner Bros ընկերության հետ նոր եթերաշրջանի հեռարձակման իրավունքի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Սակայն մինչ այժմ տեղեկություններ են պտտվում շոուի փակման մասին, հայտնում է DailyMail-ը։

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Դեջեներսը Zoom կոնֆերանս է անցկացրել՝ այս տեղեկությունները «խելահեղ» անվանելով։ Նա նաեւ հայտնել է, որ կդիտարկի բոլոր մեղադրանքները։ Շոուի ղեկավարությունը, միեւնույն ժամանակ, նոր հրահանգներ եւ արտոնություններ է սահմանել աշխատակիցների համար։

Լուսանկարները՝ Andrew Harnik/AP file,  VALERIE MACON/AFP via Getty Images



© NEWS.am STYLE