«Փորձում եմ ամեն ինչ անել, որ կարողանամ իրեն վերադարձնել Հայաստան». Նարեկ Մակարյանի մայրը մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում կապվել որդու հետ

15:01   24 օգոստոսի, 2020

Երգիչ Նարեկ Մակարյանի մայրը նշում է, որ մոտ մեկ ամիս է՝ չի կարողանում կապ հաստատել ԱՄՆ-ում բնակվող որդու հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում տիկին Մարինան ասաց, որ հատկապես, շատ է անհանգստացել երեկ Նարեկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը դիտելով, որում երգիչը նշել է. «Ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ այստեղ ինչ-որ մի բան կատարվում ա, ուզում են սպանել…», որից հետո նրա հեռարձակումն ընդհատում են: Ավելի ուշ տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերից մի քանիսը գրել են, որ Նարեկի մոտ սթրեսային տագնապ է եղել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

«Շատ տարօրինակ բան եմ զգում, որովհետեւ մինչ այդ հայտարարությունն էլ մենք մոտ մեկ ամիս է` հեռախոսային կապ չենք ունեցել Նարեկի հետ, չէինք խոսում, չէինք շփվում: Նույնիսկ, ծննդյան օրը չենք կարողացել կապ հաստատել, որ անձամբ շնորհավորեինք նրան, բայց մտածեցինք` միգուցե զբաղված է, ընկերների հետ է նշում: Նա կապի դուրս է գալիս մեր բարեկամների միջոցով, նախ հեռախոսակապ չի լինում, հետո պարզվում է՝ հեռախոս չունի: Ես ստիպված Facebook-ում տորթի նկարով հրապարակում տեղադրեցի, որ իմանան բոլորը, որ շնորհավորեն ու նա արձագանքի, բայց նրա կողմից արձագանք չի եղել... »,-նշում է երգչի մայրը՝ խոստովանելով, որ նախկինում որդու հետ օրը 5-6 անգամ շփվում էին:

«Այդ տեսանյութից հետո մտածում եմ` ինչ պիտի լիներ Նարեկին, որ նա այդպես իրեն պահեր: Բոլորն էլ գիտեն նրան` աշխույժ, նորմալ, կիրթ երիտասարդ է...»:

Տիկին Մարինան նշեց, որ խնդրի մասին տեղեկացնելու է համապատասխան մարմիններին՝ փորձելով որդուն վերադարձնել Հայաստան.

«Փորձում եմ ամեն ինչ անել, որ կարողանամ իրեն վերադարձնել Հայաստան: Հիմա գնում եմ Արտաքին գործերի նախարարություն, դիմում եմ գրել` որպես նրա ծնող, շատ անհանգստացած եմ, մայրերը կհասանան իմ վիճակը: Ես ինձ հազիվ եմ պահում, որ կարողանամ ինչ-որ գործողություններ անել ու օգնել իմ որդուն»:

Երգչի մայրը նշում է, որ որդուն այցելության գնացած ընկերներն էլ չեն կարողացել տեսնել նրան, ինչը նրան ավելի է անհանգստացրել.

«Նրանց ասում են, թե Նարեկը չի ցանկանում ոչ ոքի տեսնել: Չի կարող նման բան լինել: Նա շատ ընկերասեր է ու բոլորին շատ սիրում է: Ես դիմելու եմ տարբեր կառույցների, հույս ունեմ` մեր կառավարությունը կձեռնարկի քայլեր՝ Նարեկին հայրենիք վերադարձնելու համար: Ես լավ գիտեմ իմ որդուն, եթե նա նման քայլի է դիմել, ուրեմն ցանկացել է օգնություն ստանալ Հայաստանից»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE