«Ֆրեսկոյի» շրջանակներում ցուցադրվեց «Անիկո» ֆիլմը

19:05   26 օգոստոսի, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ եւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը: Բերդում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկից հետո ցուցադրվեց ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմը։ Արմատներով տավուշցի ռեժիսորը ներկայացրել է իր մանկությունը, որն անցել է Նավուր գյուղում։ Արկածախնդիր աղջնակի ակտիվ կյանքն ու պապիկի մասին լավագույն հուշերը մեկ ֆիլմում են ամփոփվել։


Գլխավոր դերում դերասան Դավիթ Հակոբյանն է, ով ներկայանում է պապիկի կերպարով։ Փոքրիկ Անիկոյին եւ նրա ընկերոջը մարմնավորել են Նարե Մնացականյանն ու Արա Սիմոնյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հերմինե Ստեփանյանը, Դավիթ Հարությունյանը, Աննա Հարությունյանը, Արմեն Քուշկյանը եւ այլք: «Свет миру» փառատոնում «Անիկոն» արժանացել է լավագույն օպերատրական աշխատանք եւ լավագույն ֆիլմ՝ առաջին աստիճանի մրցանակներին։

Հիշեցնենք, որ «Ֆրեսկո» փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը եւ այլ համամարդկային արժեքներ:



© NEWS.am STYLE