«Սեյրանի բախտը բերել է. ես այսքան ժամանակ ոչ մի կապրիզ չեմ ունեցել». մայրանալ պատրաստվող Մարինա Մնացականյանի ու ամուսնու՝ Սեյրանի նոր ֆոտոշարքը

16:02   29 օգոստոսի, 2020

Հղիության 6-րդ ամսում գտնվող դերասանուհի Մարինա Մնացականյանն ամուսնու` Սեյրան Մովսիսյանի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել: Մարինան իր գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել իր զգացողությունների, տրամադրվածության, այս փուլում Սեյրանի մեծ աջակցության ու իրենց ապագա որդուն հանդիպելու սպասումների մասին:

«Կարծում եմ` հղիությունն այն շրջանն է, որը ոչ թե տեւական ժամանակ անց է նոր բաներ զգացնել տալիս, այլ ամեն վայրկյան են նոր փոփոխություններ տեղի ունենում: Որքան օրը մոտենում է, այնքան լարվածությունը, վախերն ավելի շատ են լինում, բայց փորձում եմ վանել բացասական մտքերն ու մտածել միայն լավ բաների մասին ու, պարզապես, վայելել այս շրջանը»,-ասում է Մարինան, որն առաջին հայացքից` շատ կիլոգրամներ ձեռք չի բերել, բայց դերասանուհին նշում է, որ իր համար փոփոխություններն ակնհայտ են.

«Հաշվի առնելով, որ ես շատ նիհարակազմ եմ եղել, կարելի է ասել` լավ գիրացել եմ: Սննդակարգումս էական փոփոխություններ չկան, բայց ավելի լավ եմ սկսել սնվել: Եթե նախկինում օրը մեկ անգամ էի սնվում, կամ լավագույն դեպքում` երկու անգամ, այն էլ` ոչ այնքան առողջարար կերակուրով, հիմա աշխատում եմ օգտակար մթերքներով սնվել, եւ ուտում եմ այն ժամանակ, երբ պահանջը զգում եմ»,-ասում է նա` խոստովանելով, որ պահանջկոտ հղի չէ.

«Երեւի` Սեյրանի բախտը բերել է, որովհետեւ ես այսքան ժամանակ ոչ մի կապրիզ չեմ ունեցել: Չի եղել, որ ինչ-որ բան ուզեմ ու պարտադրեմ դա: Արդեն վեց ամիս է, ինչ հղի եմ, բայց այդպիսի զգացողություններ չեմ ունեցել. լինում են դեպքեր, երբ, օրինակ, ինչ-որ ուտելիք է սիրտս ուզում, բայց այդ ցանկությունն ինձ մոտ կապրիզի չի հասնում, ամեն ինչ հանգիստ տանում եմ»:

Մարինան նշում է, որ ամուսինն ամեն ինչ անում է իրեն բացասական լուրերից ու էմոցիաներից հեռու պահելու համար.

«Նա ինձ շատ է օգնում, հատկապես այս օրերին, երբ կորոնավիրուսի հետ կապված նեգատիվ իրադարձություններն այնքան շատ են: Սեյրանն օգնում է, որ այդ ամենն ինձանից հեռու մնա, փորձում է օրս այլ բաներով լցնել, որպեսզի խնդիրների մասին մտածելու ժամանակ անգամ չունենամ: Պանդեմիան իր հետ միայն բացասական բաներ է բերել` այն, որ սկզբում բոլորս ստիպված էինք տանը մնալ, այդ լարված իրավիճակը... որից որքան էլ փորձում էինք հեռու մնալ, բացասական ազդեցություն ունենում էր, մարդ ենք` չենք կարող մեր գիտակցությունն ամբողջությամբ անջատել դրանից: Կարծես, թե հիմա ամեն ինչ դեպի նորմալն է գնում, բայց այդ պանդեմիայի հետեւանքները դեռ ակնհայտ են: Հուսով եմ` ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերականգնվի»:

Դերասանուհին ասում է` անհամբերությամբ է սպասում որդու հետ հանդիպմանը, սակայն մեծ սիրով է վայելում նաեւ հղիության ընթացքը.

«Աշունն էլ կավարտվի ու, վերջապես, կհանդիպենք նրան: Իհարկե, շատ ենք մտածում` ինչպիսին է լինելու, ում նման... Բայց փորձում եմ չշտապել, համբերատար սպասել` վայելելով ամեն փուլ: Երբ զրուցում եմ արդեն մայրացած կանանց հետ, նրանք խորհուրդ են տալիս վայելել հղիության ամեն պահը, եւ ես փորձում եմ այդպես անել, համոզված եմ` հիշելու շատ հետաքրքիր ակնթարթներ են լինելու»:

Ինչ վերաբերում է փոքրիկի անվան ընտրությանը` Մարինա նշեց, որ իքնն ու Սեյրանն արդեն կայացրել են իրենց որոշումը, որը, սակայն, ապագա մայրիկն առայժմ չցանկացավ բարձրաձայնել:

Սյունե Առաքելյան                                                                             

Լուսանկարները՝ Sona Infini Production



© NEWS.am STYLE