«Նախքան ինձ դատապարտելը փորձեք ինձ սիրել». Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 62 տարեկան (ֆոտո/վիդեո)

17:05   29 օգոստոսի, 2020

Մայքլ Ջեքսոն՝ գերմարդ, որը հեղափոխություն արեց ոչ միայն երգարվեստում, այլեւ շոու-բիզբնեսում եւ նորաձեւության աշխարհում, առհասարակ. մարդ, որին կրկնօրինակում են, որի մահը դարձավ երաժշտական աշխարհի ամենածանր ոբերգություններից մեկը: Նորարար, արտիստ ու լեգենդ, որն այսօր կդառնար 62 տարեկան:

Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թ-ի օգոստոսի 29-ին: Իր երաժշտական կարիերան Ջեքսոնը սկսել է վաղ տարիքում՝ ընտանեկան «The Jacksons 5» խմբի կազմում՝ հետագայում վերածելով այն սոլո գործունեության եւ տարիների ընթացքում ձեռք բերելով «Փոփի արքա» տիտղոսը:

Ջեքսոնը 15 «Գրեմմիի» եւ հարյուրավոր այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: Նա իր ուրույն ձեռագիրն է մտցրել երգերի ձայնագրման, տեսահոլովակների եւ երաժշտական շոուների ասպարեզում: Ջեքսոնը մահացել է 2009 թ-ին՝ 51 տարեկան հասակում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեգենդար երգչի ասույթներից մի քանիսը՝ նրա հայտնի կատարումների ուղեկցությամբ:

«Ատելությամբ լցված այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք հուսալ: Բարկությամբ լի այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք սփոփել: Հուսահատությամբ լի այս աշխարհում մենք պետք է համարձակվենք երազել: Անվստահությամբ լի այս աշխարհում մենք դեռ պետք է համարձակվենք հավատալ»:

«Երբ աշխարհ ես գալիս՝ իմանալով, որ քեզ սիրում են, ու լքում այն նույն զգացողությամբ, դրա արանքում տեղի ունեցող ամեն ինչ հաղթահարելի է թվում»:

«Մարդիկ հարցնում են՝ ինչպես եմ ես ստեղծում իմ երաժշտությունը: Ես պատասխանում եմ, որ ես, պարզապես, քայլում եմ դրա միջով. դա նույնն է, ինչ ոտքդ դնես գետի մեջ ու միանաս դրա հոսանքին: Գետի մեջ անցկացրած ամեն մի վայրկյանն ունի իր երգը»:

««Հույսը» շատ գեղեցիկ բառ է, բայց այն հաճախ շատ փխրուն է թվում, քանի որ կյանքը շարունակ աննպատակ հարվածներ է հասցնում ու ոչնչացնում»:

«Մեզանից յուրաքանչյուրն իր մանկության արտադրանքն է»:

«Ինչ-որ մեկին քո սրտի մի մասնիկը տալն ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր հարստություններն իրար հետ»:

«Ես նման եմ բոլորին. ես էլ եմ վնասվում, արյունահոսում ու հեշտությամբ շփոթվում»:

«Նախքան ինձ դատապարտելը փորձեք ինձ սիրել, նայեք ձեր սրտի խորքն ու ասեք՝ դուք իմ մանկությունը տեսե՞լ եք»:

«Ասում են՝ ծնող լինելը նման է պարելուն: Դու անում ես առաջին քայլը, իսկ երեխադ հետեւում է քեզ»:

«Հետեւիր քո երազանքին. ինչ էլ որ լինեն քո նպատակները, դու կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես»:

Լուսանկարները՝ Մայքլ Ջեքսոնի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE