Ճապոնական Kanebo կոսմետիկայից շուրջ 8 հազ. մարդ է տուժել

18:10   3 սեպտեմբերի, 2013

Շուրջ 8 հազար մարդ է տուժել մաշկը ճերմակեցնող ճապոնական կոսմետիկ միջոցներից, որոնք արտադրում է Kanebo ընկերությունը:

Հավասարաչափ ճերմակ երանգի փոխարեն սպառողների դեմքին բծեր են հայտնվել: NHK-ի փոխանցմամբ, ընկերությունն ընդունել է մեղքը եւ պատրաստ է վճարել տուժածների բժշկական ծախսերը:

Ավելի վաղ հաղորդվում էր Kanebo-ի կոսմետիկայից ավելի քան 7 հազար տուժածի մասին: Օգոստոսի վերջին հայտնի է դարձել եւս 1.412 դեպքի մասին, երբ ընկերության արտադրանքի հետեւանքով սպառողների մոտ ցան եւ բացասական այլ հետեւանքներ են առաջացել: Ընկերությունը սեփական հետաքննությունն է սկսել՝ պարզելու, թե ինչն է նման հետեւանքների պատճառը:

Kanebo-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ վաճառքից հանելու են 54 անուն-ապրանք, որոնք 4HPB անվանումով նյութ են պարունակում: Դրանից էլ, ամենայն հավանականությամբ, տուժել են սպառողները: Այն բնական բաղադրիչին փոխարինող սինթետիկ միջոց է, որը մշակել են հենց Kanebo ընկերության մասնագետները: Ասիական երկրներում ճերմակեցնող կոսմետիկան բավական տարածված է: Kanebo-ն իր արտադրանքը հետ է վերցնելու ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Թայվանի, Հոնգ Կոնգի, Հարավային Կորեայի, Թայլանդի, Սինգապուրի եւ մի շարք այլ երկրների խանութներից:



© NEWS.am STYLE